Foto

Սիրիայի իշխանությունները սկսել են Հալեպ-Դամասկոս կարևոր մայրուղու վերանորոգումը

Սիրիայի իշխանությունները գրոհայիններից ազատված Հալեպ և Սարակիբ քաղաքների շրջանում ընկած հատվածում սկսել են Հալեպ-Դամասկոս մայրուղու վերանորոգման աշխատանքները: Աշխատանքները կատարվում են արագացված ռեժիմով, որպեսզի ապահովվի բնակչության տեղաշարժը: Tert.am-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

M5 մայրուղին Սիրիայի հիմնական ավտոճանապարներից է, որը կապում է մայրաքաղաք Դամասկոսը երկրի տնտեսական կենտրոն համարվող Հալեպի հետ:

Մինչև վերջերս այս մայրուղով երթևեկությունը անհնար էր, քանի որ այն գտնվում էր գրոհայինների հսկողության ներքո: Մայրուղու վերջին հատվածը Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ է անցել վերջերս, երբ նրանք գրոհայիններից ազատեցին Սարակիբը:

Մայրուղուն կից բնակավայրեր են սկսել վերադառնալ այստեղի բնակիչները, որոնք ստիպված էին եղել լքել իրենց տները գրոհայինների պատճառով: