Foto

Սեփական երկրի տնտեսության կործանման համար Դարվինի մրցանակը «go to Armenia !!!!!!!»

Պարզվում է՝ միայն արաբ շեյխերը Հայաստանից ձեռնունայն չեն գնացել, այլև չինացիները: Սակայն եթե առաջինների դեպքում Երևանի քաղաքապետին դուր չի եկել  շեյխերի դրեսկոդը, ապա չինացիների դեպքում իրավիճակն ուղղակի անհասկանալի է:

Երեկ տեղի ունեցավ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան համաժողովը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարության էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ մինասյանը մի ուշագրավ բացահայտում արեց, որ Դարվինի մրցանակի հավակնորդ է: Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարությանը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկել է Հայաստանը դարձնել ավիացիոն փոխադրումների տարածաշրջանային կենտրոն՝ հաբ: Ծրագիրը քննարկվել է չինացի գործարարների հետ, կազմվել նախագիծ և ներկայացվել Էկոնոմիկայի նախարարությանը, որն էլ այն ներկայացրել է կառավարությանը, սակայն 2018-ի հոկտեմբերի 2-ի իրադարձություններից հետո, երբ կոալիցիոն կառավարությունից հեռացվեցին «այլադավան» նախարարները, այն կորել է կառավարության թղթապանակներում:

Հրանտ Բագրատյանը, ով նույնպես ներկա էր համաժողովին, հաստատեց, որ առաջարկը եղել է, այն ոչ միայն լուրջ արտաքին ներդրում կարող էր լինել Հայաստանի տնտեսության մեջ, այլև կարող էր մեր երկիրը շատ արագ հանել կոմունիկացիոն շրջափակումից, որ ամեն օր մեր շուրջը սեղմում են Թուրքիան ու Ադրբեջանը:

Ըստ Բագրատյանի և Մինասյանի, այդ ծրագիրը շատ է դուր եկել Չինաստանին, հատկապես որ այն դեռևս միակ կոմունիկացիոն ուղին է, որ օրեցօր զարգացող չինական տնտեսությունը եվրոպական շուկայի հետ կապում է՝ շրջանցելով մահմեդական երկրները: Եթե այդպիսի ցամաքային ուղի չկա և չի կարող լինել, ապա օդային ճանապարհը տալիս է այդ հնարավորությունը միայն Հայաստանին և Վրաստանին: Իսկ քանի որ երևանի օդանավակայանը ծովի մակերևույթից ավելի բարձր է, քան Թբիլիսիի օդանավակայանը, ապա ընտրությունը կատարվել է հենց մեր օդանավակայանի օգտին:

Այնուհետև բանախոսները բերեցին թվեր, տնտեսական հաշվարկներ, քաղաքական առավելություններ, որից մեր կառավարությունը համառորեն երես է թեքում:

Այս բացահայտումը դեռ կնյարդայնացնի մեր կառավարության թավշյա «փիառշչիկներին»: Չի բացառվում, որ նորից սկսեն խոսել հայկական ավիաշուկա մտած ու մտնող լուքոսթերների մասին, բայց ի՞նչ պատասխան պետք է տան արագ տնտեսական հաջողությունների սպասումով արդեն երկրորդ նոր տարին դիմավորող ՀՀ քաղաքացիներին բաց թողնված այս եզակի հնարավորության համար, դեռ երևակայությունս չի հերիքում: Թեև հիմա մի քանի գործիք կա կառավարության զինանոցում՝ օրինակ Հրանտ Բագրատյանին և Արծվիկ Մինասյանին կարող են մեղադրել Քենեդու սպանության մեջ: Կարող են նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պարտությունները վերագրել չինական գործակալական ցանցին, իսկ հերթական թոշակառու գեներալը կարող է հայտարարել, որ գաղտնալսել են Չինաստանի դեսպանատան հեռախոսները և պարզել, որ Տաթևիկ Ռևազյանին «անհարիր» առաջարկ է արվել: Այլ բան չհասկանաք, ուղղակի նոր ավիացիոն համալիրի կառուցման համար չինացիները շինթույլտվություն են խնդրել, բայց քանի որ ԿամԱԶ չեն տվել, մերժվել են:

Բայց դրանից պողոսները չեն կշտանալու, նորից տեսարանները չեն ուղեկցվելու հացով: Ի վերջո այդ ընթացքում Ստամբուլի օդանավակայանը դարձավ աշխարհի ամենամեծը, երկաթուղիներն ու խողովակաշարերը դեռ համառորեն շրջանցում են Հայաստանը, որտեղ persona non grata ուսխորհրդի նախագահին արդեն ձեռնաշղթաներով են տանում հարցաքննության: Հայաստանում առայժմ հպարտանում ենք, որ սեփական արտադրություն հեռուստացույցների բացված, բայց չաշխատող գործարան ունենք, որ «Թայմը» մեր մասին գիտի, որ ավտոմեքենաների անպիտան թափքերի գծով առաջատարն ենք աշխարհում, որ Բերգովի՜չն է գալու:

Այնպես որ՝ սեփական երկրի տնտեսության կործանման համար Դարվինի մրցանակը «go to Armenia !!!!!!!»: