Foto

Միջնորդները ԼՂ կարգավորման վերաբերյալ հայտարարություն են ընդունե

Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ նախարարական կոնֆերանսում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ պատվիրակությունների ղեկավարները ԼՂ կարգավորման վերաբերյալ հայտարարություն են ընդունել։

Այն ստորագրել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բապտիստ Լեմոյնը եւ եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը։

«Պատվիրակությունների ղեկավարները գոհունակությամբ արձանագրում են շփման գծում եւ միջազգային սահմանին բռնության համեմատաբար ցածր մակարդակը եւ գնահատում են կողմերի՝ ուղիղ կապի միջոցների լիակատար օգտագործումը՝ լարման ռիսկը նվազեցնելու համար, ինչպես որ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել էին հունիսին Վաշինգտոնում։ 

Մենք ողջունում ենք վերջին տարվա ընթացքում ձեռնարկված կոնկրետ քայլերը՝ լարվածությունը նվազեցնելու եւ ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելու համար, ինչպես որ համանախագահ երկրները կոչ էին արել 2018 թվականի դեկտեմբերին Միլանում ու ինչի մասին նախարարները պայմանավորվել էին Փարիզում 2019 թվականի հունվարին», - ասված է հայտարարության մեջ։

Միջնորդները ողջունել են լրագրողների փոխադարձ այցերը եւ հունիսի 28-ին տեղի ունեցած գերիների միաժամանակ ազատ արձակումը։ «Նկատելով, որ նման ջանքերը կարեւոր դեր են խաղում բովանդակային բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձեւավորման համար, երեք պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում ձեռնարկել լրացուցիչ մարդասիրական եւ անվտանգային միջոցներ», - ասված է փաստաթղթում։

Միջնորդները կողմերին նաեւ կոչ են արել «առանց հապաղելու կոնկրետ քայլեր ձեռնարկել ավելի վաղ համաձայնեցված մարդասիրական եւ անվտանգային միջոցառումների իրականացման համար»։ Նրանք նշել են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական առաքելությունը ընդլայնելու քննարկումների վերսկսման անհրաժեշտությունը, ինչի մասին կողմերը համաձայնության էին եկել 2016 թվականին։

«Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մտադրությունը հանդիպել 2020 թվականի սկզբին միջնորդների հովանու ներքո՝ առանցքային հարցերի շուրջ բանակցությունները ինտենսիվացնելու եւ բարձր մակարդակի հաջորդ բանակցությունները նախապատրաստելու համար», - ասված է հայտարարության մեջ։

Պատվիրակությունների ղեկավարները նշել են, որ խնդրի արդար եւ երկարատեւ կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա։ «Այն պետք է նաեւ ներառի լրացուցիր տարրեր, որոնք համանախագահ երկրների նախագահներն առաջարկել են 2009-2012 թվականներին», - ասված է փաստաթղթում։