ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը, նույն ինքը՝ «Ալրաղացի Լյովիկը», ում հայտնաբերել են Մոսկվայում, մեղադրվում է 11 տարի առաջ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային ավավազակային հարձակումը պատվիրելու մեջ։
Հիշեցնենք, որ ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ հայտարարվեց, որ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը ստեղծել են հանցավոր համագործակցություն, որի անդամների կողմից կատարվել են մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը։
2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատև՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է Լևոն Հրաչյայի Սարգսյանը: