Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քիչ առաջ հրապարակեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և կաշառքի օժանդակության մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատավճիռը:
Ըստ դատավճռի՝ դատավոր Գագիկ Հեբոյանը մեղավոր ճանաչվեց իրեն վերագրվող կաշառք ստանալու արարքում և դատապարտվեց 7 տարի ժամկետով ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանի՝ կաշառք ստանալու օժանդակության արարքը վերաորակվեց կաշառքի միջնորդություն, և նա դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման: Դանիելյանը կալանքի տակ էր գտնվում 1 ամիս 5 օր
Գագիկ Հեբոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանը՝ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Գ. Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Վ. Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 08.05.2019թ.-ին փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով: