Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի վերաբերյալ խմբակցությունը դեռևս քննարկում չի ունեցել։ Այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Կարող եմ իմ անձնական տեսակետն ասել։ Ինձ համար առավել քան տարօրինակ է այս հարցի հետ կապված հապճեպությունը։ Չեմ հասկանում, թե որքանով է հասունացած այդ հարցն այսպես հապճեպության ռեժիմով քննարկման դնելու հարցը»,-ասաց Իվետա Տոնոյանը։
Ինչ վերաբերում է օրինագծի ենթադրյալ հետևանքներին, պատգամավորը վստահաբար ասաց, որ հարկադրաբար ՍԴ-ի որևէ դատավոր չի կարող թոշակի ուղարկվել և բոլոր գործընթացները պետք է բացառապես իրավական հարթության մեջ տեղի ունենան. «Ինձ համար նաև անհասկանալի է Արդարադատության նախարարի այն պնդումը, որ սա նպատակ ունի պարզելու՝ դատավորների բարեվարքության հետ կապված հարցը։ Խիստ անհասկանալի է, թե որքանով վաղ թոշակի անցնելու հետ կապված նախագիծն առնչություն ունի դատավորների բարեվարքությունը պարզելու հետ»,-հավելեց պատգամավորը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան