ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նախարարության շենքի առջեւ երիտասարդների անժամկետ նստացույցը, իսկ ԵՊՀ-ում ուսանողների դասադուլը շարունակվում է։
Նստացույցը նախաձեռնել են ՀՅԴ երիտթեւի ներկայացուցիչները։ Հիշեցնենք, ԿԳՄՍ նախարարության առջեւ նստացույց անող երիտասարդները Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջում են հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մտադրության, աղմկահարույց «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման եւ «Մել» ֆիլմի ֆինանսավորման համար, որը ծանրորդուհի Մելինե Դալուզյանի սեռափոխության մասին է պատմելու։
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը դիմել է ՀՀ ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսելու առաջարկով։ Նոյեմբերի 15-ին՝ ուրբաթ օրը, երիտասարդներին էին այցելել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանն ու Գեւորգ Պետրոսյանը։ Երիտասարդները նրանց հանձնեցին խորհրդարանական խմբակցություններին ուղղված իրենց նամակը։ ԲՀԿ-ի դիրքորոշումն,ըստ պատգամավորների, կախված կլինի նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ուսանողների եւ դասախոսների ակնկալվող հանդիպման արդյունքներից։
Հավելենք, որ ԵՊՀ ուսխորհուրդը Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման առաջարկ է արել նախարարին։
Երեկոյան ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ նախատեսվում է թեմատիկ քննարկում եւ Նիկոլ Աղբալյանին նվիրված ֆիլմի դիտում։









