ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե Վերին Լարսի երկկողմանի թողունակությունն օրական ընդամենը 170 բեռնատար է, բայց մինչև 800 բեռնատար է անցնում այդ անցակետով:
Նրա խոսքով` բացի դրանից, մոտակա ֆիտոսանիտարական լաբորատորիան գտնվում է Լարսից 130 կմ հեռավորության վրա: Ըստ Մելքումյանի` վերը նշված խնդիրները միակը չեն:
«ՌԴ-ն ապրիլ-մայիս ամիսներից նախատեսել է Վերին Լարսի վերակառուցում: Այդ փուլում բեռնատարների թողունակությունն ավելի կթուլանա: Ես կարծում եմ՝ հաշվի առնելով, որ մեր գյուղատնտեսության ոլորտի այդ ուղին սպասարկող ճանապարհների թողունակությունը սահմանափակ է, ժամանակն է, որ մենք մտածենք լաստանավի մասին` որպես այլընտրանքային ուղի»,- ասաց պատգամավորը:
Վերջինս, դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, հարցրեց, թե վերը թվարկված խնդիրները հաշվի առնելով` ինչ միջոցներ են ձեռնարկվում Վերին Լարսին այլընտրանք գտնելու համար:
«Բյուջեի քննարկման ժամանակ առիթ ունեցել ենք այս հարցին անդրադառնալու: Այն ժամանակ ես նշեցի, որ պատրաստվում եմ մեկնել Մոսկվա` բանակցելու իմ գործընկերների հետ, որտեղ արծարծվելու էր նաև այս թեման: Այդ բանակցություններն ընթացել են և շարունակվելու են նաև նոյեմբերի 18-21-ը Մոսկվայում կայանալիք «Տրանսպորտային շաբաթ» կոչվող միջոցառմանը»,- պատասխանեց Սուրեն Պապիկյանը:
Նա նաև նշեց, թե բանակցությունների ընթացքում նախնական հետաքրքրվածություն են հայտնել առ այն, որ ցանկանում են ունենալ 2 լաստանավ: «Այժմ նման հնարավորություն ընձեռված է, որովհետև Ղրիմում կամրջի կառուցումից հետո ռուսական կողմում այս պահին պարապուրդի մատնված լաստանավեր կան, և պետք է հասկանանք հնարավորինս մատչելի տարբերակով այն մեզ տրամադրելու հարցը»,- ասաց նախարարը` ընդգծելով, թե այժմ «գնդակը գործընկերների դաշտում է», պետք է պատասխանեն: