ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել, թե ինչու է առաջարկում բուհերի պարտադիր ուսումնական ծրագրերից հանել «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները:
Ըստ պարզաբանման՝ բուհի գիտական խորհուրդը կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում: Լավ է, որ բուհի գիտխորհրդին ազատություն է տրվում, բայց իրականությունը շատ ուրախանալու առիթ չի տալիս:
Հետհեղափոխական Հայաստանում գրեթե ամենուր ականատես ենք մի իրավիճակի, երբ խոսքով մի բան է հայտարարվում, բայց գործով այլ բան է դառնում: Մասնավորապես վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանում այլևս օրենքի գերակայություն է և դրա առաջ հավասար են բոլորը: Մի քանի օր անց օրինազանց վարորդների միլիոնանոց պարքերը չեղարկվեցին: Մի ուրիշ առիթով նույն վարչապետը հայտարարեց, որ արդարադատությունն այլևս հեռախոսազանգով չի լինելու, այսինքն դատավորներին ոչ ոք ոչինչ չի կաչող պարտադրել: Դատավորներից ոմանք այդ ուղերձը հասկացան բուն իմաստով ու արդեն իրենք հայտնվեցին դատական պրոցեսների մեջ, որովհետև «կա՞ Հայաստանում մի դատավոր, որ իմ ասածը չկատարի» հռետորական հարցը հասկացել էին փոխաբերական իմաստով: Հիմա ամեն ինչ տեղն է ընկել. դատավորները սեփական նախաձեռնությամբ «ինքնացենզուրվել» են և զանգի կարիք չկա: Կարող եմ այս շարքում նաև Սահմանադրական դատարանը և Հանրային խորհուրդը սեփականաշնորհելու օրինակներն էլ բերել, բայց խնայեմ ընթերցողի ժամանակը:
Հիմա սրանից ի՞նչ հետևություն: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ցանկանում է հանրությանը համոզել, որ բուհերի գիտխորհուրդները կարող են «չորդեգրել կուսակցության և կառավարության գիծը», պահպանել այդ առարկաների ժամերն ու դրա համար դասախոսներ վարձատրե՞լ: Մի քիչ թերահավատ եմ, որովհետև հենց երեկ ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն հայտարարեց, որ դասախոսների աշխատավարձերը բարձրացնելու համար ստիպված են բարձրացնել ուսման վարձերը: Հիմա թող որևէ մեկը փորձի հանրությանը համոզել, որ ֆինանսական խնդիրներ ունեցող բուհը պատրաստ է վարձատրել վերոհիշյալ առարկաների դասախոսներին բնագիտական ֆակուլտետներում:
Մի փաստարկ էլ են բերում, իբր դպրոցում այդ առականերից արդեն քննություն են հանձնում և այդ գնահատականներով գալիս բուհ: Լո՞ւրջ, հանձնո՞ւմ են, դա քննությո՞ւն է: Այն թեսթային համակարգը, որ դրված է այդ քննությունների հիմքում, նախարարին ու վարչապետին հիմք են տալիս հայտարարել, որ դրանց իմացությունը բավարա՞ր է: Այդ դեպքում ինչո՞ւ են բարձրագույն կրթություն ստացած, նույնիսկ շատ դեպքերում գիտական աստիճան ունեցող հենց խորհրդարանական մեծամասնության պատգամավորների մեծ մասը այնպիսի մտքեր ու նախադասություններ արտաբերում, որ խմբակցության ղեկավարից մինչև ԱԺ նախագահ և անձամբ սիրելի վարչապետ օրերով թարգմանում ու մեկնաբանում են: