Foto

Դավադրությունը բացառելով չի բացառվում

Նիկոլ Փաշինյանը խոսեց ղարաբաղյան կարգավորման մասին: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի վիճահարույց հարցազրույցից հետո սպասվում էր, որ վարչապետը ինչ-ինչ սրբագրումներ կանի, որպեսզի նախարարի հայտնած դիրքորոշումը չընկալվի որպես Նիկոլ Փաշինյանի դիրքորոշում: Բայց կիրակնօրյա տեսաուղերձը մեկ անգամ ևս հաստատեց, որ Մնացականյանի փոխարեն Ինքը՝ Փաշինյանը նույն կերպ և նույն ձևակերպումներով կպատասխաներ: Այնպես որ անդրադարձս ոչ այնքան ղարաբաղյան կարգավորման փաշինյանական տեսլականն է, այլ դրա որոշ տողատակերը, որոնց վրա կհրավիրեմ ընթերցողի ուշադրությունը:

Այսպես.

Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտ նշում և ընդգծում է, որ բանակցային գործընթաց կա, անկախ այն բանից, որ Ղարաբաղի ժողովրդի քվեն ինքը դեռ չունի: Ստեփանակերտի հանրահավաքում «Սա հայաստան է և վերջ» կարգախոսով այդ քվեն չի ստացվել, ավելին, նոր բարդություններ է բերել բանակցային գործընթաց: Քվեի գոյության մասին չեն խոսում նույնիսկ Փաշինյանյի այն հավաստիացումները, որ «Հայաստանի և Ղարաբաղի իշխանության պատկերացումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են»: Արցախում ներքաղաքական զարգացումները այլ բանի մասին են վկայում: Մյուս կողմից արդեն չի աշխատում այն արդարացումը, որ բանակցային գործընթացի անվան տակ պետք է հասկանալ արտգործնախարարների մակարդակով հանդիպումները, որովհետև Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ «բանակցային գործընթացում կա բավականին լավ դինամիկա և այդ դինամիկան կշարունակվի»: Այսինքն բանակցութունները կան և Փաշինյանը դրանց հետ որոշակի հույսեր կապում է:

Մեկ այլ հանգամանք, որ երևում է վարչապետի խոսքերի տողատակից, դա Արցախի հարցի կարգավորման ներքաղաքական շերտին է վերաբերվում: Նիկոլ Փաշինյանը խոսում է դավադրության մասին, այսինքն փորձում է հերքել կամ բացառել դավադրությունը, բայց դրանով ավելի է խճճում իրավիճակը: «Բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում: Ղարաբաղի հարցը իմ հարցը չէ, Ղարաբաղի հարցը խմբի հարցը չէ: Ղարաբաղի հարցը համաժողովրդական հարց է»,-ասում է վարչապետը: Բայց Ղարաբաղի հարցը իր և խմբի (ենթադրվում է՝ քաղաքական թիմի) դավադրության տիրույթից դուրս դնելով՝ իրեն և խմբին դնում է այլ դավադրությունների հիմքում, կամ գոնե չի բացառում այլ գործընթացներում որոշակի դավադրությունների առկայությունը և դրանցում մասնակցությունը: Սա հոգեբանական ինքնախոստովանության պես մի բան է, այլապես Նիկոլ Փաշինյանը, ով իրեն բավականաչափ խելոք է համարում երրորդ մարդու ներկայությամբ Ալիևի հետ դավադրություն պայմանավորվելու համար, այսպիսի սպրդում թույլ չէր տա: Իսկ որ ներքաղաքական կյանքում որոշակի դավադրություններ կան, որոնց ինքը կամ խումբը մասնակից է, արդեն անհերքելի է: Դրա վառ օրինակը Նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացումն է, Սահմանադրական դատարանի և դրա նախագահի շուջ ծավալվող իրադարձությունները, Նաիրի Հունանյանի «ցուցումով» Հանրային խորհրդի նախագահի դեմ սկիզբ առած գործընթացը, Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ փակ քննարկումները և այլն:

Բայց Նիկոլ Փաշինյանն իր բարձունքում չէր մնա, եթե այս «խրախճանքին» մասնակից չդարձներ, չներքաշեր ժողովրդին: Հերթական անգամ նա փորձում է Արցախի հարցի կարգավորումն իջեցնել ժողովրդի մակարդակ: Այնպիսի տպավորություն է, որ պատերազմում հաղթած երկիրը, որը պետք է բանակցությունների սեղանի շուրջ ամրագրի այդ հաղթանակի արդյունքները, հայտնվել է մի իրավիճակում, երբ դրա ղեկավարը ինչ-որ բանաձևի է սպասում: Այսինքն հայտնվել է պարտված երկրի ղեկավարի դիրքում, երբ ստիպված է այդ պարտության ձևակերպման բանաձևը դնել իրենից չափազանց մեծ ակնկալիքներ ունեցող ժողովրդի քննարկմանը: Դեռ հընթացս էլ հանրաքվեի ակնարկ է անում: Տասնամյակներ շարունակ հայկական կողմը դեմ է դանդես գալիս Արցախի կարգավիճակի վերաբերյալ նոր հանրաքվեի գաղափարին՝ հիմա էլ Հայաստանո՞ւմ է հանրաքվե հասունացվում: Հայ ժողովուրդն իր ամբողջությամբ արդեն հայտնել է Արցախի վերավերյալ իր տեսակետը՝ հաղթել է իրեն պարտադրված պատերազմում: Մենք մեր քվեն այս հարցի վերաբերյալ կյանքերով ենք տվել և դրա համար այլ հավաստիացումներն ավելնորդ ու ժամանակավրեպ են, եթե այլ խաղ չի խաղացվում:

Ստացվում է, որ դավադրությունը բացառելով դեռ չի բացառվում, կասկածներն ավելի են խորանում:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան