Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբանը, որը տուժողի շահերի պաշտպանն է:
Ճանապարհային ոստիկանության հետաքննիչի կողմից Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):
«Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս», - նշել է փաստաբանը:









