Foto

Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչություններն ամբողջ աշխարհում դադարեցրել են աշխատանքը

Իսրայելի բոլոր դեսպանություններն ու հյուպատոսությունները դադարեցրել են աշխատանքը երկրի ֆինանսների նախարարության հետ ԱԳ նախարարության կոնֆլիկտով պայմանավորված գործադուլի պատճառով: Համապատասխան հայտարարությունը հոկտեմբերին 30-ին զետեղվել Է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ֆինանսների նախարարության գլխավոր տնօրենի կողմից համաձայնեցված եւ ստորագրված 2019 թվականի հուլիսի 21-ի պայմանավորվածությունները խախտելու եւ Իսրայել պետության արտասահմանում ծառայող դեսպանորդներին՝ միակողմանի կարգով այն նոր ցուցումները կատարել պարտավորեցնելու Իսրայելի ֆինանսների նախարարության որոշման կապակցությամբ, որոնք հակասում են ավելի վաղ ձեռք բերված պայմաններին եւ խախտում են արդեն մի քանի տասնամյակ գոյություն ունեցող կարգը, մենք հարկադրված ենք փակել դիվանագիտական ներկայացուցչությունները»,-ասված Է հաղորդագրության մեջ: Գործադուլի ընթացքում այցելուների մուտքը Իսրայելի՝ արտասահմանում գործող ներկայացուցչություններ կդադարեցվի, ծառայություններ չեն մատուցվի:

Իսրայելի ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ դիվանագիտական ներկայացուցիչների աշխատանքի կարգը եւ դրանց ֆինանսավորման ընթացակարգերը փոխելու որոշումը վնաս Է հասցնում գերատեսչության եւ ամբողջ երկրի գործառման հիմնարար գործիքներին: Գերատեսչությունում նշել են, որ ֆինանսների նախարարությունը դիվանագետներին այլ ընտրություն չի թողել, եւ հույս են հայտնել, որ կոնֆլիկտը կկարգավորվի մոտ ժամանակներս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: