Foto

Վլադիմիր Պոզները՝ ադրբեջանցուն․ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչված Հայաստանի տարածքն է

Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները ելույթով է հանդես եկել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ու պատասխանել ներկաների հարցերին։ Լսարանից հարց տալու հնարավորություն է ստացել նաև ադրբեջանցի մի աղջիկ, որի նպատակը, ինչպես ակնհայտ է դառնում տարածված տեսանյութից, ոչ թե հարցի պատասխան ստանալն էր, այլ իր սեփական ելույթը հնչեցնելը։

Աղջիկը ներկայացել է որպես Արզու Մամադովա՝ արմատներով Լեռնային Ղարաբաղից, ներկայացրել է իր մայրիկի պատմածները Ղարաբաղից, թե որքան ներդաշնակ են Ադրբեջանում ապրում տարբեր ազգեր, այնտեղ չկա խտրականություն ու, միևնույն պահին խտրական վերաբերմունք ցուցաբերելով առանձնացնում է հրեաներին։ Նշում է, թե Լեռնային Ղարաբաղը Արբրեջանի տարածք է, կան ՄԱԿ-ի բանաձևեր ու ոչ մի երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Աղջիկը Պոզներին, որն հայտնի է իր հայամետ դիրքորոշումներով, կոչ է անում անկողմնակալ լինել, ադրբեջանցիների նկատմամբ խտրական վերաբերմունք չդրսևորել ու վերջապես հասնում հարցին, թե որտեղ է խոսքի ազատության ու ատելության խոսքի սահմանը։

Ի պատասխան Պոզներն ասում է․ «Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչված Հայաստանի տարածքն է»։

Անդրադառնալով խոսքի ազատության ու ատելության խոսքի միջև սահմանին, Պոզներն ասում է, որ իր կարծիքով, այն պետք է լինի, սակայն չկա։

«Քո խոսքի ազատությունը ներառում է նաև պատասխանատվություն, ազատությունը ևս ներառում է պատասխանատվություն։ Պատասխանատու մարդն ազատ մարդն է։ Ես կհամաձայնեմ, որ ատելության խոսքը՝ խոսքի ազատություն չէ, սակայն ձեզանից շատերը կասեն, իսկ իմ իրավո՞ւնքը՝ ասել այն, ինչ ես ուզում եմ ասել։ Այնպես որ, դուք մտնում եք շատ բարդ խնդրի մեջ, ես դեմ եմ ատելության խոսքին, բայց ես չեմ կարող այն արգելել ու չգիտեմ ինչպես։ Ես չեմ խորանա Լեռնային Ղարաբաղի խնդրի մեջ ու չեմ կարծում, որ այս լսարանում շատ մարդիկ են հետաքրքրված այս հարցով։ Այսօր այն աշխարհում գլխավոր խնդիրը չէ, այո, այն կարևոր է հայերի ու ադրբեջանցիների համար»,-ասում է Պոզները։
 

Աղբյուր` Panorama.am