Foto

Մինչև տարեվերջ Հայաստան չհասած ավտոմեքենաների համար կտրվի հավելյալ մեկամսյա ժամկետ

Հայաստան ներկրվող ավտոմեքենաների ծավալները մոտ հինգ անգամ ավելացել են, և մտավախություն կա, որ մինչև տարեվերջ արտերկրից պատվիրված բոլոր ավտոմեքենաները չեն հասնի Հայաստան։ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը նշում է, որ օրենքի դրույթներից մեկը հաշվի առնելով՝ այն քաղաքացիներին, որոնց ավտոմեքենաները մինչև դեկտեմբերի 31-ը չեն հասնի Հայաստան, կտրվի մեքենայի մաքսազերծման մեկամսյա արտոնյալ ժամկետ։

«Լավ լուր ունենք ավտոներկրողների համար։ Օրենսգրքի մեջ մի դրույթ ենք գտել, որով կարողանալու ենք հնարավորություն տալ այն քաղաքացիներին, որոնց ավտոմեքենաները դեկտեմբեր ամսին չեն հասնի Հայաստան։ Հնարավորություն կտանք այդ քաղաքացիներին նախնական հայտարարագիր ներկայացնելու միջոցով դեկտեմբերի վերջին մեկ ամիս ժամանակ ունենալ, որ ավտոմեքենան հասնի Հայաստան։ Մենք կկիրառենք այն դրույքաչափերը, որոնք կգործեն հայտարարագիրը ներկայացնելու դրությամբ»,-նշել է Շուշանիկ Ներսիսյանը։

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ տվյալներ կան, որ նավահանգիստներում մեծ թվով ավտոմեքենաներ են կուտակված։ Թե դրանք երբ կհասնեն հայկական սահման, դեռ հայտնի չէ։ Նոր արտոնության կիրառումը հենց այն քաղաքացիների համար է, ովքեր ժամկետների մեջ տեղավորվելու խնդիր կունենան։