Foto

Ռուսաստանի հայերի միությունն օժանդակում է Ստեփանակերտի թիվ 6 դպրոցին

Հոկտեմբերի 4-5-ը, Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը, կազմակերպության առաջին փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանի գլխավորությամբ, գտնվում էր Արցախի Հանրապետությունում: Նմանատիպ այցելությունները 2001 թվականից պարբերաբար անցկացվում են Հայաստանում և Արցախում արդեն ավանդական դարձած ՌՀՄ օրերի շրջանակներում: Պատվիրակության կազմում էին ՌՀՄ տարածքային կազմակերպությունների ղեկավարները՝ Կուզբասից մինչև Ստավրոպոլ, ռուսաստանցի հայ գործարարներ և պատվավոր հյուրեր:

Դեռևս 2014 թվականին Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի միջողներով Ստեփանակերտում Շահագործման է հանձնվել թիցվ 6 հանրակրթական դպրոցը: Այն համապատասխանում է ժամանակակից կրթության բոլոր պահանջներին, համալրված է փորձառու ուսուցչական կադրերով: Այս տարի ՌՀՄ պատվիրակության այցը համընկավ ուսուցչի օրվա հետ: Թեև օրն աշխատանքային չէր, սակայն բոլոր ուսուցիչներն ու աշակերտները դպրոցում էին: Ի պատիվ ռուսաստանցի հյուրերի կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն, երգ, պար, ասմունք:  Ռուսաստանի հայերի միությունը մշտապես ակտիվ կապի մեջ է դպրոցի հետ, պարբերաբար աջակցում է  և ցուցաբերում նյութական օժանդակություն: Այս անգամ կազմակերպությունը դպրոցին նվիրեց կինոթատրոն, թվային տեսապրոեկտոր, տպիչ և բազմաթիվ այլ տեխնիկական սարքեր, որոնք աշակերտներին հնարավորություն կտան ավելի բովանդակալից դարձնել ուսումնական պրոցեսը:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և Արցախում Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը: Տիկին Աղաբալյանը բարձր գնահատեց Ռուսաստանի հայերի միության աջակցությունը դպրոցին և նշեց, որ այն համարվում է Ստեփանակերտի լավագույն կրթօջախներից մեկը, որտեղ աշակերտները ստանում են որակյալ և համակողմանի կրթություն:

Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը հանդիպման մասնակիցներին շնորհավորեց ուսուցչի օրվա կապակցությամբ, փոխանցեց Արա Աբրահամյանի ողջույնները, ծանոթացավ դպրոցի առօրյային, հաջողություններին և առկա խնդիրներին՝ խոստանալով առաջիկայում մասնակցություն ունենալ այդ խնդիրների լուծման գործում:

«Հայերը կրթությանը մշտապես մեծ կարևորություն են տվել: Որակյալ կրթությունը մեր զենքերից մեկն է, որը հատկապես կարևորվում է Արցախի պարագայում»,- ասաց Լուսիկ Ղուկասյանը: