ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում, ուսապարկն ուսին հայտարարեց՝ լքում է «Լուսավոր Հայաստանը», սակայն վայր չի դնում պատգամավորական մանդատը։
«Անցած մի քանի օրերն եղել են կյանքիս, թերևս, ամենադժվարին օրերը, քանի որ ստիպված եմ եղել կայացնել չափազանց դժվար որոշումներ։ Անցած շաբաթվա վերջին հայտարարեցի ԼՀԿ-ից հեռանալու մասին, դա որոշումներից ամենադժվարինն էր, քանի որ ես ստիպված եմ հեռանալ ինձ շատ հարազատ թիմից, որի հետ մի քանի ամիս առաջ մասնակցել եմ ընտրությունների, անցել եմ դժվարին ճանապարհ»,-այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Բաբաջանյանը։
Նա ընդգծեց, որ հետայսու, արդեն անկախ պատգամավորի կարգավիճակում անելու է առավելագույնն անհրաժեշտ ուժերին ու անհատներին միավորելու և նրանց ներուժն ի օգուտ Հայաստանի, հայ պետականության և հայ ժողովրդի ծառայեցնելու համար։