Foto

Ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան

Կառավարությունն այսօրվա նիստում գումար հատկացրեց ուսուցիչների աշխատավարձի բարձրացման նպատակով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ այս որոշմամբ նախարարությանը հատկացվում է 1 մլրդ 665 մլն 675 հազար դրամ։

«Սա այն ծրագրի իրագործումն է, որի մասին արդեն հայտարարել ենք, դա սեպտեմբեր ամսից ուսուցիչների աշխատավարձի՝ 10 տոկոսով բարձրացումն է։ Մենք արդեն հաջորդ տարվա բյուջեում նախատեսել էինք բարձրացումը, բայց հնարավոր եղավ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել այս տարվա սեպտեմբեր ամսից։ Ըստ էության, երկար տարիներ սա տեղի չէր ունեցել, և կրթական համակարգի համար սա կարևոր գործընթաց է՝ բարեփոխումների նկատմամբ համակարգն ընկալունակ դարձնելու համար։ Ըստ այդմ՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների դրույքաչափի 10 տոկոսանց աճ կլինի։ Մենք սրան զուգընթաց նաև այլ աշխատանք ենք տանում՝ համակարգն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը, բոլորինը համատարած 10 տոկոսով բարձրանո՞ւմ է, թե՞ այնուամենայնիվ որոշակի տարբերություններ լինելու են։

«Այն աշխատավարձերը, որոնք ֆիքսվել են, 10 տոկոսանոց բարձրացում բոլորի համար։ Մամուլում լայն տարածում էր գտել, հիմնականում ֆեյք կայքերի միջոցով, ի զարմանս ինձ, որոշ հայտնի կայքեր էլ էին տարածում, որ համատարած կրճատում են անում, որպեսզի այս աշխատավարձերը բարձրացնեն։ Կրճատումները եղել են սովորական, այնպիսին, ինչպիսին եղել են նախկինում և հիմնականում կապված են եղել տարիքայինի հետ։ Մենք ուսումնական պլաններ չենք կրճատել, որի հետևանքով դրույքաչափեր կկրճատվեն։ Եվ այս գործընթացի հետ կապված որևէ կրճատում չկա»,- պատասխանեց Արայիկ Հարությունյանը։