Foto

Ռուսաստանը չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը. ՌԴ-ում Հայաստանի դեսպան

Ռուսաստանի կողմից ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին Հայաստանին չարտահանձնելը որեւէ կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

«Նախկինում էլ, ներկայում էլ, ապագայում էլ նման դեպքեր լինում են: Ընդհանրապես արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային եւ երկրի ներքին օրենսդրությանը: Նախ Ռուսաստանը չի մերժել արտահանձնման հարցը: Եթե դուք կարդացել եք Ռուսաստանի դատախազության հաղորդագրությունը, ասված է, որ դիմել են ՀՀ դատախազությանը լրացուցիչ փաստաթղթեր, լրացուցիչ հիմնավորումներ ստանալու համար: Այսինքն չկա արտահանձնման վերջնական որոշում, դա գործընթաց է, որը պետք է լինի:

Միքայել Հարությունյանի մասով եւս եղել է համապատասխան պարզաբանում: Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է եւ ՌԴ Սահմանադրությամբ նա չի կարող արտահանձնվել»,-ասաց նա:

Տողանյանն ընդգծեց, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ տասնյակ, հարյուրավոր նման դեպքեր են լինում. «Ուղղակի լինում են քաղաքացիներ, որ քիչ հայտնի են, մենք չենք իմանում: Ես այս հարցը չէի քաղաքանացնի եւ չէի բերի հայ-ռուսական հարաբերությունների դաշտ»:

 

Աղբյուր՝ Past.am