Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկ քաղաքում Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցում հանդիպում է անցկացնում Ջերմուկ քաղաքի բնակչության հետ: Նա հայտարարեց, որ իր դիրքորոշումը մեկ տարի առաջվա համեմատ չի փոխվել: «Եթե հանկարծ պարզվի, որ դա մեր ժողովրդի առողջությանը վնաս է այդ հանքի շահագործումը, միջոցներ կձեռնարկվեն»,- ասաց նա:
Ըստ Փաշինանի՝ երբ մարդիկ այսօր ասում են՝ Ամուլսարը սար է մնալու, դա այդքան էլ այդպես չէ, որովհետև այդ սարի վրա արդեն աշխատանք է տարվել:
«Հիմա սարն էլ առաջվա սարը չէ, եթե շատ ուղիղ նայենք, որովհետև այնտեղ մինչև հեղափոխությունը 400 մլն դոլարի աշխատանք է արվել»,- նշեց նա:
Վարչապետը հավելեց. «Մեր նախընտրական ծրագրում գրված է, որ էկո Հայաստանի կոնցեպտի վրա պետք է հիմնված լինենք: Բայց էկո Հայաստանի կոնցեպտն այն չէ, թե այս սարի վրա ինչ է: Այդ կոնցեպտն այն է, թե այս օդը նույն օդն է, թե ոչ, էն ջուրը և խոտը, նույնն է, թե ոչ: Աղմուկը նույն աղմուկն է, թե նույնը չէ: Ինչ դուք ասում եք, ինձ համար 100 տոկոսով ընդունելի է»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ ենթադրենք այդ հանքն աշխատեց, ՀՀ օրենքների համաձայն այդ հանքի աշխատանքը պետք է ոչ մի ազդեցություն չունենա ոչ օդի, ոչ հողի, ոչ աղմուկի աստճանի վրա: «Արդյոք դա հնարովո՞ր է: Ուրիշ տարբերակ չունենք: Ես էլի եմ ասում, այս վերջին շրջանի խորհրդակցություները, որ արել եմ, ասել եմ՝ պատասխանեք մի պարզ հարցի: Մենք ի՞նչ խնդիր ենք դնում, ենթադրենք՝ այդտեղից պետք է 10 միավոր աղտոտված ջուր արտանետվի բնություն, մենք խնդիր ենք դնում, որ այդ աղտոտված ջրի միավորը լինի երկուս կամ մե՞կ: Ինձ մասնագետներն ասում են՝ ոչ, մենք խնդիր ենք դնում, որ պետք է լինի զրո: Հաջորդ խնդիրը կա, հարցնում եմ՝ ո՞նց ենք մենք դա ապահովելու: Ինձ ասում են՝ կա ըստ պլանի ամենօրյա, ամենշաբաթյա ու ամենամսյա մոնիթորինգ:
Սա նշանակում է, որ այդ խումբը պետության հովանու ներքո գնալու է այս դիմացի սարից խոտ է վերցնելու, այդ խմբի մեջ լինելու են ընկերության ներկայացուցիչները, կառավարության և քաղաքացիական հասարակության: Հիմա այս խոտը պետք է տրվի լաբորատոր հետազոտության: Եթե պարզվի, որ դրա վրա նստած փոշին ավելին է, քան պետք է լինի, ուրեմն 90 օր տրվում է պրոբլեմը վերացնելու համար: Եթե չի վերացվում, հանքը լրիվ օրինական հիմունքներով փակվում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ եթե երաշխիք կա, դա ուրիշ իրավիճակ է, եթե երաշխիք չկա, արդեն այլ իրավիճակ է:









