Այսօր Կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում տեղի ունեցավ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից:
Նիստը նախագահում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նիստի մեկնարկին ԱԽ քարտուղարը հանդես եկավ խոսքով, որում, մասնավորապես, նշեց.
«Հարգելի՛ գործընկերներ,
Այսօրվա նիստը նվիրված է Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների մեկնարկին, ինչի կապակցությամբ թույլ տվեք ողջունել և շնորհավորել բոլորիս: Այս միջոցառումն ունի կարևոր խորհուրդ. մենք քաջ գիտակցում ենք, որ Ազգային անվտանգության ռազմավարությունն այն առանցքային փաստաթուղթն է, որը յուրաքանչյուր պետության կայուն և անվտանգ զարգացման համար ունի հիմնարար նշանակություն: Վստահ եմ, որ մենք պատրաստ ենք ամենայն պատասխանատվությամբ և բարձր մակարդակով ստանձնելու գործընթացի առաջնորդությունը՝ ապահովելով ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլ նաև հանրային շրջանակների ակտիվ ներգրավվածություն փաստաթղթի նախագծի մշակման ողջ գործընթացում»:
Ելույթին հետևեց ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի փակ քննարկումը:
Մանրամասները՝ տեսանյութում։









