Գազի սակագնի հարցը բազմաբաղադրիչ է, չեք պատկերացնի ինչքան շատ կոմպոնենտներ կան, որոնք ենթակա են քննարկման, այդ իմաստով չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, որովհետև դեռևս շատ աշխատանք կա անելու. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով գազի գնի փոփոխության հարցերին:Հայտնում է Tert.am-ը։
Դիտարկմանը, թե խոսվում է, որ 2020 թվականի հունվարի 1-ից բարձրանալու է սակագինը, նա պատասխանեց. «Ես նման պաշտոնական որևիցե ազդակ այս հարցի հետ կապված չեմ ստացել»:
Ինչ վերաբերում է նրան, որ գազի գինը ցածր է մնում «Գազպրոմ Արմենիայի» խնայողությունների հաշվին, դա որքա՞ն կարող է տևել, նա ասաց.«Ճիշտն ասած՝ անվերջ չի կարող տևել, բայց արդյունվետության հաշվին սահմանի գնի թանկացումը պահպանելը սցենարներից մեկն է, որը կրում է ժամանակավոր բնույթ»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ռուսական գազից հրաժարվելու և Իրանից գազ գնելու համար քաղաքական կամք կա, թե ոչ, նա ասաց, որ իրենց գործողությունները պետք է պայմանավորված լինեն նախևառաջ Հայաստանի հայրենակիցների շահերից և որևէ կաշկանդվածություն այդ իմաստով չի կարող լինել, բայց ինչ վերաբերում է տեխնիկական և գնային բաղադրիչներին, իհարկե, պետք է բանակցվի: