Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց, որ գազի սակագնի շուրջ բանակցությունները «Գազպրոմ Արմենիայի» հետ շարունակվում են և այդ առումով որևէ նորություն դեռ չկա:
Դիտարկմանը՝ բանակցությունները բավական տևական ժամանակ է՝ շարունակվում են, կարծիք կա, որ սպասում եք Պուտինի Հայաստան այցին, և հենց այդ ժամանակ խնդիրը վերջնականապես կլուծվի, Բաղրամյանն արձագանքեց, որ բանակցությունները մի քանի փուլով են ընթանում: «Ներքին շուկայի սակագների վերաբերյալ բանակցությունները որևիցե կապ չունեն ՌԴ նախագահի այցի հետ, բայց սահմանին գազի գնի ձևավորման հարցը կարելի է կապել նրա այցի հետ»,- նշեց նա:
Հարցին՝ ինչո՞ւ են ձգձգվում բանակցությունները կամ արդյո՞ք դրանից հետո կնվազի սակագինը, Բաղրամյանն ասաց. «Չեմ կարող ասել՝ ինչ կլինի: Բնականաբար, ամեն կողմ բանակցում է իր համար ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար: Մենք բանակցում ենք նվազեցնելու ուղղությամբ: Քանի որ որևէ կողմ չի ասել, որ բանակցություններն ավարտված են, մամուլը ընդամենը ենթադրություններ է անում սակագների վերաբերյալ: Այս պահին գնի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դա կախված է բանակցություններից ու դրանց ավարտից»:









