Կառավարության այսօրվա նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց կրթական օջախների կառուցման ու վերակառուցման մի շարք նախագծեր։
«Սա նախագծերի մի մեծ փաթեթ է, որը միտված է կրթության որակի բարձրացմանը թե բովանդակային տեսակետից, թե շենք-շինությունների ֆիզիկական որակի տեսակետից, ինչը անմիջական ու ուղիղ ազդեցություն ունի կրթության որակի վրա։ Եվ ըստ այդ նախագծերի՝ տասնյակ ուսումնական հաստատություններ ներառվում են կառուցման, վերակառուցման ծրագրերի մեջ։ Դրանց թվում են նաև բուհեր, ուսումնական հաստատություններ, կան նաև սպորտային կառույցներ, իսկ մշակույթի ու գիտության ոլորտի նախագծերը արդեն կներկայացնենք հաջորդ նիստի ընթացքում»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Նախագծերից մեկով առաջարկվում է 834 մլն դրամ հատկացնել ՀՀ-ում դպրոցներում ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ ստեղծելուն։ Թվով 284 լաբորատորիա կստեղծվի, ներկայումս ՀՀ դպրոցներում գործում է շուրջ 350 նման լաբորատորիա։
Մյուս նախագիծը հետևյալ խնդրին է վերաբերոմ՝ ՀՀ-ում 12-ամյա կրթությանն անցման ժամանակ ամենավատ շենքային պայմաններով դպրոցները հատկացվել են ավագ դպրոցներին։ Ըստ նախարարի՝ հաճախ նաև բովանդակային առումով են բողոքներ լինում ավագ դպրոցների չկայացման մասին, բայց նաև ֆիզիկական պայմաններն ուղիղ ազդեցություն ունեն որակի վրա։ «Եվ այս նախագծով նախատեսվում է հինգ ավագ դպրոց ամբողջովին քանդել ու կառուցել։ Դրանք սեյսմիկ անվտանգության տեսակետից շատ խնդրահարույց դպրոցներ են և արագ քանդման ու կառուցման անհրաժեշտության կարիք ունեն»,- ասաց նա։ Այս ավագ դպրոցները տեղակայված են Մասիսում, Ալավերդիում, Երևանում և Հրազդանում։ Կառավարությունն այսօր 129.8մլն դրամ է հատկացնում նախագծա-նախահաշվային աշխատանքների համար, իսկ հետագայում, ըստ Արայիկ Հարությունյանի, գումար կհատկացվի կառուցման աշխատանքների համար։









