Հայկական ֆուտբոլն այսօր գտնվում է շատ լավ ձեռքերում, ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովին հայտարարեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։
«Վերջին երկու խաղերն իսկական ուրախություն պարգևեցին հայ երկրպագուներին, մենք վստահում ենք մարզչի բռնած ուղուն, մենք ամեն ինչով աջակցելու ենք հավաքականին», - վստահեցրեց նա։ «Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնել եմ 2018 թվականի սեպտեմբերի 22-ից, և այդ օրվանից ֆեդերացիայում սկսել է լայնածավալ աշխատանքը, որն արդեն իսկ շոշափելի արդյունքի է բերել: Հայտարարել էի, որ ՀՖՖ մեծ ուշադրություն է դարձնելու մարզերին, և որպես ամենալուրջ ծրագիր, սկսել ենք արհեստական խոտածածկով մարզադաշտերի կառուցումը: Սա մասսայական ֆուտբոլը խթանելու հիանալի միջոց է»,- ասաց ՀՖՖ նախագահը:
Վանեցյանն առանձնակի ընդգծեց, որ նոր ծրագրերն ավելացնում են ֆինանսական բեռը, սակայն ֆեդերացիան պատրաստ է լուծել այդ խնդիրները: «Լրջորեն աշխատանքներ ենք տանում կանանց ազգային թիմ ստեղծելու ուղղությամբ և կանանց ֆուտբոլի մասսայականությունը դարձրել ենք գերակա ուղղություններից մեկը: Մեծ ուշադրության է արժանանում նաև ֆուտզալը»,-ասաց ՀՖՖ նախագահը:









