Ապրիլի 24-ին՝ Մոսկվայում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում, հարգել են Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի պատմության առաջին զանգվածային ջարդերի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մոսկվայում կայացել է ռուսաստանյան հանրության հանրահավաքը և ցույց՝ Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ: Բողոքի գործողության մասնակիցները պահանջել են թուրքական իշխանություններից ճանաչել ցեղասպանությունը, ապաշխարել և մաքրվել:
Մոսկվայի կենտրոնում կայացած հանրահավաքի մասնակիցներին միացել են Ռուսաստանի հայերի միության, այլ հայկական համայնքների և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարները, ռուսական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, պատգամավորներ և քաղաքագետներ:
Ընդգծվել է, որ մեր օրերում ոչ միայն հայերը, այլ նաև ողջ աշխարհն է բացահայտել Թուրքիայի իրական դեմքը, որը իրագործում է հանցագործություններ ողջ մարդկության դեմ, աջակցում «ԻԼԻՊ»-ին և նրանց ոճով կատարված բոլոր այլ գործողություններին:
Հանրահավաքի մասնակիցները հռչակագիր են ընդունել, որում ասվում է՝
«Մենք՝ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ռուսաստանյան հանրության մոսկովյան համաքաղաքային հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ «ՀԻՇՈՒՄ և ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ»՝
Հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության ընթացքում 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին՝ այն տառապյալների, ովքեր վերապրել են 20-րդ դարի պատմության առաջին ցեղասպանությունը:
Պահանջում ենք Թուրքիայի այսօրվա իշխանություններից ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, երես առ երես կանգնել սեփական պատմության առջև և հրաժարվել ժխտողական և պատմական փաստերը կեղծելու քաղաքականությունից, ինչպես նաև՝ այլ պետությունների գործունեությանը միջամտելուց:
Հիշում և հայտնում ենք մեր երախտագիտությունը այն բոլոր ժողովուրդներին, պետություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք ճանաչել և դատապարտել են Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը՝ որպես դաժանագույն հանցագործություն մարդկության նկատմամբ, և այսօր էլ շարունակում են պաշտպանել մարդասիրության և արդարության գաղափարները:
Հիշում ենք, որ Ռուսաստանը առաջիններից մեկն էր, որ դատապարտել է 1915թ. Հայոց Ցեղասպանությունը դաշնակից երկրների համատեղ հռչակագրում և մինչ օրս հետևողականորեն հանդես է գալիս այդ չարագործությունը դատապարտելով: Այս դիրքորոշմանը հետևելով՝ ՌԴ նախագահ Վադիմիր Պուտինն անձամբ մասնակցել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին կազմակերպված հիշատակի միջոցառումներին, որոնք տեղի են ունեցել 2015թ. ապրիլի 24-ին՝ Երևանում:
Պահանջում ենք դադարեցնել Ռուսաստանի և Հայաստանի միջև սեպ խրելու փորձերը: Կարծում ենք, որ բոլոր նրանք, ովքեր հրահրում են հակառուսական տրամադրվածություն Հայաստանում, ջուր են լցնում Թուրքիայի ջրաղացին:
Մենք վստահ ենք ռուս և հայ ժողովուրդների անքակտելի ընդհանուր անցյալի, ներկայի և ապագայի հարցում: Միայն միասին մենք կարող ենք դիմակայել արտաքին սպառնալիքներին և կառուցել ուժեղ և բարգավաճող պետություններ՝ Հայաստան և Ռուսաստան:
ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ»:
Vesti.am