Foto

Հայկ Ալումյանը ոտքի կանգնեց, մատը թափ տալով դատավորի վրա բղավեց

Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ այսօր թեժ վիճաբանություն տեղի ունեցավ փաստաբանների և նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի միջև: Դատավորն անընդհատ ընդհատում էր պաշտպաններին և չէր թողնում մինչև վերջ արտահայտվել: Նա սկզբում վիճաբանեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միրան Պողոսյանի հետ: Երբ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ծիծաղեց, դատավորը զայրացավ. «Որևէ մեկի հրճվանքը չեմ առաջացնում, ինչ-որ բա՞ն եմ ասում, որ հրճվում եք»:
Հայկ Ալումյանը ոտքի կանգնեց և մատը թափ տալով դատավորի վրա՝ բղավեց. «Ուրեմն, առաջին անգամ եմ ասում, մեղմ եմ ասում, նուրբ եմ ասում՝ հրճվել բառը իմ նկատմամբ չկիրառեք»:
«Էդ մատը իմ վրա՞ եք թափ տալիս»,- հարցրեց դատավորը:
Հայկ Ալումյանը չէր նստում, ասում էր, որ առարկություն ունի ներկայացնելու, մինչև չներկայացնի, չի նստի: Դատավորն ի պատասխան գոռում էր, որ միայն ինքն է թույլ տալիս, թե երբ խոսեն ու իրենց առարկությունները ներկայացնեն կողմերը:
«Մենք արձանագրում ենք, որ դատարանը գործը վարում է անհասկանալի դատավարության կանոններով»,- հայտարարեց Ալումյանը: Բոլոր փաստաբաններն ի նշան բողոքի ոտքի կանգնեցին: Կողմերին փորձում էր հանդարտեցնել Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը:
Դատարանն ընդմիջում հայտարարեց:
«Հաշվի առնելով այն, որ հենց դատավորն ուզում ա խոսա, պարոն Ալումյանը զուգահեռ խոսում ա, հայտարարվում ա 10 րոպե ընդմիջում, թող կրքերը հանգստանան»,- հայտարարեց դատավոր Դանիելյանը: