Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմետրիս Սիլուրիսի հետ:
«Մեր հարաբերությունները գործնական ու պրագմատիկ ճանապարհով զարգացնելը մեր պարտականությունն է, եւ դրա հիմքը մեր շփումներն են», – ասել է Մնացականյանը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները բարձր գնահատեցին երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան` ընդգծելով, որ պարբերաբար տեղի ունեցող փոխայցելությունները եւ հանդիպումները նոր լիցք են հաղորդում հայ-կիպրական բազմաոլորտ համագործակցությանը եւ քաղաքական օրակարգի խթանմանը:
«Մեզ միավորում են քաղաքակրթական ամուր կապեր, որոնց հիմքում մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն է: Մեր պարտավորությունն է գործնական քայլեր ձեռնարկել մեր երկու երկրների միջեւ առկա հարաբերություններն առավել զարգացնելու եւ նշանակալիորեն առավել բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ», – նշեց ԱԳ նախարար Մնացականյանը:
Որպես համագործակցության կարեւոր ուղղություններ զրուցակիցներն ի թիվս այլոց առանձնացրեցին զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, էներգետիկ անվտանգության ոլորտները, որտեղ առկա են համագործակցության ընդլայնման հեռանկարներ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձեւաչափում:
Ընդգծելով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության խորհրդարանական հարթակի ձեւավորման կարեւորությունը՝ կողմերը հույս հայտնեցին, որ այն կարող է անհրաժեշտ շրջանակ ապահովել գործնական համագործակցության արդյունավետ զարգացման համար: Այս առնչությամբ զրուցակիցները գոհունակությամբ նշեցին միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում ձեւավորված սերտ համագործակցությունը, մասնավորապես ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման շուրջ գործադրվող համատեղ ջանքերը:
Անդրադարձ կատարելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ կարեւորեց այդ համաձայնագրի շրջանակներում Կիպրոսի հետ համագործակցության հնարավորությունները:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ:









