Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի և Ուրուգվայի օդանավակայանների 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ՝ Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ:
Ողջունելով նման ներկայացուցչական հավաքի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը նշել է, որ մեր երկրում բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը: «Կարող ենք միանշանակ ասել, որ առնվազն երկու ոլորտում Էռնեկյան ընտանիքի և Կորպորասիոն Ամերիկա ընկերության գործունեությունն ունեցել է և ունի շրջադարձային նշանակություն: Արդեն ասվեց, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումը ստանձնել է Կորպորասիոն Ամերիկա ընկերությունը և միանշանակ է ու աներկբա, որ այս ընկերության գալով օդային ուղևորափոխադրումների ոլորտում Հայաստանի Հանրապետությունում հիմնվել է նոր մշակույթ: Անկեղծ ասած, բոլորս հպարտ ենք մեր օդանավակայանով, որովհետև տեսնում ենք, որ այն համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին և համոզված ենք, որ առաջիկայում այն մեզ հպարտանալու նորանոր առիթներ կտա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։









