Ազգային ժողովըա յսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց Պետական տուրքի մասին օրենքի նախագիծը։ Դրան կողմ քվեարկեց 85, դեմ՝ 16 պատգամավոր: Նախքան քվեարկությունը Իմ քայլը խմբակցությունը քսան րոպե ընդմիջում վերցրեց։ Ընդմիջումից հետո ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա են անում շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ ու կառուցապատողներ։
«Մասնավորապես, իրենց բողոքի առարկան այն է, որ Պետական տուրքի մասին օրենքը մենք օրենքի խախտմամբ ենք ընդունում, այսինքն՝ մենք իրավունք չունենք դա վեց ամսից շուտ ուժի մեջ մտցնել։ Ուզում եմ ասել, որ իրավական առումով մենք ամեն ինչ ճիշտ ենք անում, իսկ նիստն ընդմիջեցինք, որպեսզի այդ մարդկանց հետ զրուցենք, նոր մտնենք քվեարկության։ Ցավոք, քանի որ նրանք ուշացան, մենք քվերակությանը կմասնակցենք, հետո այդ մարդկանց հետ կհանդիպենք ու կհիմնավորենք, թե ինչը ինչի համար ենք անում»,- նշեց Թունյանը։
Նշենք, որ Պետական տուրքի մասին օրենքի նախագծով նախատեսվում է ներկրվող ցեմետի վրա 14 հազար դրամ պետական տուրք դնել, իսկ կլինկերի վրա՝ ոչ։ Նախագծի նախնական տարբերակում պետական տուրքը ներկրվող ցեմենտի համար 22 հազար դրամ էր կազմում, քննարկումաների արդյունքում այն իջեցվեց։









