Foto

Հակոբ Արշակյանը Սիլիկոնյան հովտում քննարկել է ՀՀ-ում «Hero City at Draper University» մասնաճյուղի բացման հնարավորությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում Սիլիկոնյան հովտում հանդիպել է  «Draper & Associates» վենչուրային ընկերության և «Draper University» համալսարանի ղեկավար Թիմաթի Դրեփերին: Հանդիպմանը ներկա էր նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Ներկայում համալսարանում ուսանում են 77 երկրներից ժամանած ուսանողներ, որտեղ 3-6 ամիսների ընթացքում ստանում են ձեռներեցության և բիզնեսի զարգացման դասընթացներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում «Hero City at Draper University» մասնաճյուղի բացման հնարավորությունները:

Նախարար Հակոբ Արշակյանը Թիմաթի Դրեփերին ներկայացրել է  հեղափոխությունից հետո ՀՀ կառավարության կողմից իրականացրած լայնամասշտաբ բարեփոխումները տնտեսության, գործարար միջավայրի բարելավման, ժողովրդավարության ամրապնդման ոլորտներում:

Նախարարը Դրեփերին հանձնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT- 2019 ):

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստան այցելությունը թույլ կտա Թիմաթի Դրեփերին ծանոթանալ Հայաստանի ներդրումային հնարավորություններին, գիտական և տեխնոլոգիական ներուժին: