Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տնտեսական ակտիվության ցուցանիշին։ Նա ասաց, որ այս տարվա չորս ամիսների տվյալներով՝ Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական և լավատեսական դինամիկայով։
«Ըստ հրապարակված տվյալների՝ ապրիլին մենք ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտվիության ցուցանիշ։ Եվ եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված տվյաների հետ՝ ՀՆԱ-ի 7.1 տոկոս աճ, սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն, և մեր խնդիրն է հասցեական ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը և ի վերջո կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուզում է մի քանի կարևոր ցուցանիշներ ընդգծել։ Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.2 տոկոսով։ Շինարարության ոլորտում աճն ավելի քիչ է, քան սպասվում էր, բայց վարչապետն ասաց, որ համոզված է՝ այս ցուցանիշները կբարելավվեն։
Վարչապետը նշեց, որ առևտրի շրջանառությունը ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 16.2: