Բագրատաշենի անցակետում օրերս Թուրքիայից ապրանքներ ներկրող առևտրականների հետ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումը օրինական է, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Օպերատիվ միջոցառումն իրականացվել է օրենքին համապատասխան, որևէ խախտում ԱԱԾ ծառայողների կողմից չի եղել: Հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքների, ինքնավնասման, ինքնասպանության փորձի են դիմել: Ես համարում եմ, որ ինքնասպանության փորձը սադրանք է», - ասաց ԱԱԾ տնօրենը:
Նա ներկայացրեց, որ ՀՀ օրենսդրությամբ յուրաքանչյուր անձ կարող է ՀՀ տարածք ներկրել 25 կգ բեռ՝ առանց մաքսազերծման, մինչդեռ Թուրքիայից ապրանքներ ներկրող առևտրականները չեն ցանկանում մաքսազերծել այդ ապրանքը ու վճարել սահմանված պետական գումարը:
«Այդ դեպքը, որը տեղի է ունեցել, վերաբերում է 20 տոննայից ավելի ապրանքի ներկրմանը: Այդ ապրանքը բերել են քաղաքացիները ու չեն ուզել վճարել: Մեր ունեցած տեղեկություններով, մաքսային ծառայության որոշ աշխատակիցների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կաշառք գումարի դիմաց այդ ապրանքը անարգել ՀՀ ներմուծելու համար: ԱԱԾ-ի կողմից իրականացվել են համապատասխան միջոցառումներ, ֆիքսվել է այդ գործընթացը, անցումը ֆիքսվել է, կասեցվել է», - հայտնեց Վանեցյանը:
Մաքսային ծառայության աշխատակիցը, որը կասկածվում է կաշառք ստանալու մեջ, ըստ ԱԱԾ տնօրենի, սովորեցրել է առևտրականներին դիմել սադրանքների, ծայրահեղ քայլերի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։









