Օրերս նախաձեռնվել էր արդեն ավանդույթ դարձած շատ կարևոր մի նախաձեռնություն՝ անվադողերի հերթական հավաքագրում, որոնց վերջին խմբաքանակը կազմել է մոտ 35 մեքենա՝ 25 -ն արդեն ուղարկվել է Արցախ։ Այս մասին Vesti.am-ի հետ զրույցում նշեց Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, հերոս Ռազմիկ Գասպարյանը՝ հավելելով, որ այս քայլի նախաձեռնողն Ապրիլյան պատերազմի հերոս, տանկիստ Աբգարյան Տիգրանի եղբայր՝ Ժորա Աբգարյանն է։
«Մեր միության ՝«Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» անդամներով ևս միացանք այդ նախաձեռնությանը հասկանալով դրա կարևորությունը։ Նշեմ, որ այս հարցում մեզ օգնության ձեռք է մեկնում ՊՆ-ն և հարկ եղած դեպքում տրամադրում է բեռնատար մեքենաներ, որոնցով կարողանում ենք անվադողերը տեղափոխել զորամասեր, սակայն մնացյալ այլ հարցերը հոգում ենք մենք։ Ընդհանուր առմամբ ՀՀ և Արցախի տարբեր զորամասեր ենք ուղարկել շուրջ 60-62 բեռնատար։ Այս վերջին օրվա հավաքագրած անվադողերից ուղարկել ենք մոտ 25 մեքենայով բեռնված անվադողեր։
Թե ինչ սկզբունքով են անվադողերն ուղարկվում զորամասեր Գասպարյանն մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք կապնվում են տարածաշրջանի հրամանատարության հետ և նրանք ասում են, թե որ պահին որտեղ է առավել զգացվում դրա կարիքը։
Ապրիլյան պատերազմից հետո, երբ հայտարարվեց, որ անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն կա, այդ ակցիային միացել էին նաև ջավախքահայությունը, սակայն անվադողերը բերելով սահմանին պարզվել, որ այն պետք է մաքսազերծվի՝ անկախ դրանց մաշվածության աստիճանից։ Վերոհիշյալ հարցի հետ կապված Ռազմիկ Գասպարյանը նշեց, որ նման դեպքում ցանկացողները կարող են իրենց հետ կապ հաստատել, իսկ վերջիններս էլ կփորձեն լուծում գտնել այդ հարցին։
Ռ․Գասպարյանը շնորհակալություն հայտնեց, բոլոր այն երիտասարդներին, ովքեր այդ օրերին իրենց օգնությունն առաջարկեցին, մասնավորապես հիշատակեց դերասան Իվան Մովսիսյանին, ով լիովին իր աջակցությունն էր հայտնել։
«2017 թվականի սեպտեմբեր ամիսն էր, երբ Արցախ հերթական այցի ժամանակ առաջացավ նման մտահաղացում՝ հավաքագրել անվադողեր և ուղարկել զորրամասեր։ Այս ընթացքում մոտ 11- 12 անգամ՝ շուրջ 60 մեքենա արդեն իսկ ուղարկել ենք տարբեր զորամասեր»,- Vesti.am-ի հետ զրույցում նշեց Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայր՝ Ժորա Աբգարյանը, ով նաև Տիգրան Աբգարյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախագահն է։
Ինչպես նշեց Ժորան, սա առաջին և միակ նախաձեռնությունը չէ, որ իրենք անում են ի հօգուտ ՀՀ ՊԲ-ի։ Աբգարյանն իր համակիրների հետ միասին նաև բանակին օժանդակել են ջրի տարաներ, ցեմենտ, բայց անվադողերի հավաքագրումն առավել մեծ և շարունակական բնույթ ստացավ։
Նա իր երախտիքի խոսքը հայտնեց Պաշտպանության նախարարին, ՊՆ-ի ԳՇ պետին և աշխատակազմերին,Արցախի նախագահի խորհրդականներին, ինչպես նաև ԲՀԿ երիտթևի նախագահ Աշոտ Անդրեասյանին, իրենց կազմակերպվածության և աջակցության համար։ Առանձնահատուկ ընդգծվեց նաև Արամ Հովսեփյանի անունը, ով անձամբ գնել էր մեծաքանակ անվադողեր, որը շուրջ երկու մեքենա էր կազմել։
Հավելենք, որ անվադողերի հավաքագրման գործընթացը շարունակական է և բոլոր ցանկացողները կարող են միանալ այս նախաձեռնությանը՝ ի պաշտպանություն հայոց բանակի։
Դե ինչ մեզ մնում է մաղթել խաղաղություն, իսկ մեր անպարտ զինվորներին բարի ծառայություն՝ անամպ ու խաղաղ երկնքի տակ։