Foto

ՀՀ տնտեսական զարգացման նախարարն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է առևտրատնտեսական հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի առևտրային քաղաքականության և բանակցությունների հարցերով տեղակալ Դեյվիդ Միլի ղեկավարած պատվիրակությանը։

«Միշտ կարևորում ենք այն ուղղությունները, որոնք նպաստում են տնտեսությունում ներառականության աճին, և ԱՄՆ-ի հետ իրականացվող ծրագրերը հենց նման կարողությունների զարգացմանն են ուղղված։ Շատ ողջունելի է, որ առաջիկա աջակցության ծրագրերը թիրախավորելու են ենթակառուցվածքների զարգացումը և ՓՄՁ աջակցությանը», - ողջունելով հյուրերին, ասել է նախարար Խաչատրյանը։

ԱՄՆ պատվիրակության խնդրանքով նա ներկայացրել է տնտեսական նոր իրողությունները, որ հաստատվել են Հայաստանում։ Տնտեսական հետագա զարգացման հիմքերի առողջացման տեսանկյունից  նախարարը կարևորել է հավասար մրցակցությունը, շուկաներում մուտքի ազատությունը և կոռուպցիայի բացառումը։ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության քաղաքական կամքը այդ նպատակների հարցում կասկածից վեր է։  Նախարարն անդրադարձել է նաև Կառավարության ծրագրային նպատակներին՝ կարևորելով տնտեսական աճի բևեռների վերադասավորումը։ «Երբ մենք խոսում ենք ներառական աճի մասին, նկատի ունեք միջնաժամկետ հատվածում տնտեսության այնպիսի կառուցվածքային փոփոխությունը, որը պետք է մասնակիցների միջև ավելի բաշխված դարձնի տնտեսական արդյունքները, որը պետք է անդրադառնա նաև արտահանման, ապրանքների շուկաների վրա։ «Արտահանումը շարունակելու է մնալ մեր տնտեսության հիմնական առանցքը, և շատ կարևոր է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև տնտեսական երկխոսության հիմնական հարցերից մեկը արտաքին առևտրի խնդիրներն են։ Առևտրային ընթացակարգերը լավագույն առաջադեմ փորձին համապատասխանեցնելով, կարելի է շոշափելի արդյունքներ գրանցել», - նշել է նախարարը։

ԱՄՆ փոխպետքարտուղարի առևտրային քաղաքականության և բանակցությունների հարցերով տեղակալ Դեյվիդ Միլը շնորհակալություն է հայտնել նախարարին խնդիրների համապարփակ ներկայացման համար և ուղղել նրան առանձին ուղղություններին վերաբերող հարցեր։

Կողմերն ընդգծել են մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը, քննարկել նաև այս համատեքստում կրթական խնդիրներ։

ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Եվրասիայի առևտրային հարցերով նախարար-խորհրդական Մայքլ Լալլին անդրադարձել է առևտրային համագործակցության հարցերին, ինչպես նաև կարևորել Հայաստանում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՄՆ կողմից տրվող աջակցությանն առնչվող հարցեր։