Foto

Ինչ ես գիտեմ, հասանելի է լինելու իրավապահ մարմիններին. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում է, որ ինքը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարար Թորոսյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ցուցմունք է տվել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ (ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են), նշեց, որ նման բան չկա:

«Ես որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, առհասարակ ցուցմունք չեն տալիս ինչ-որ մեկի դեմ կամ կողմ: Ես տվել եմ ընդամենը ինֆորմացիա: Հազար անգամ նշել եմ, հիմա նույնպես նշում եմ, որ ցանկացած բան, ինչ ես գիտեմ հասանելի է լինելու իրավապահ մարմիններին»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Մամուլում տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ կապված հարուցված քրեական գործով Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք են տվել ՊՎԾ աշխատակիցներ, ինչպես նաև կառավարության անդամ։ Նշվում էր, որ Սանասարյանի դեմ ցուցմունք տված կառավարության անդամը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: