Foto

Ողբերգական վթար Սյունիքում. երկու եղբայր մահացել են

Սյունիքի մարզում, մայիսի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:40-ի սահմաններում Երեւան-Երասխ –Մեղրի –Իրանի Իսլամական Հանրապետության միջպետական սահմանի 380-րդ կմ հատվածում բախվել են Մեղրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Ահարոնյանի վարած Toyota Vitz մակնիշի 35 VR 168 համարանիշի եւ Սիսիան քաղաքի բնակիչ, 33-ամյա Նարեկ Թաթոսյանի վարած КамАЗ մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորում: Վթարի հետեւանքով Արմեն Ահարոնյանը տեղում մահացել է, իսկ Լ. Ահարոնյանը տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Մահացածին եւ վիրավորին ձորից դուրս են բերել փրկարարները եւ ճանապարհային ոստիկանության ծառայողները: Բախման հետեւանքով КамАЗ-ը կողաշրջվել է, իսկ Toyota Vitz -ն էլ գլխիվայր է շրջվել:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները հարազատ եղբայրներ են, որոնք ծառայում էին ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ: