Գազի ներկրման գինը բարձրացել է հունվարի 1-ից, քանի դեռ վերջնական սպառողների սակագները չեն բարձրանում, այդ տարբերության փոխհատուցումը ընկերության կողմից է լինում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ պարզաբանելով, թե սահմանին գազի գինի բարձրացումն ինչպե՞ս չի ազդել գազի սակագնի վրա։ Նա նաև հերքեց լուրը, թե պետությունը պարտքեր է կուտակել։
«Սա պարզաբանում եմ նաև այն բանի համար, որ վերանան կասկածները, թե պարտքեր են կուտակվում։ Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ որևէ պարտք պետության կողմից չի կարող կուտակվել»,- ասաց նա։
Բաղրամյանը նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մշակել է որոշակի առաջարկություններ, թե ինչի հաշվին է իրականացվելու գնի սուբսիդավորումը, սակայն չի կարող հստակ նշել, թե արդյունքները երբ պարզ կլինեն, քանի որ այդ առաջարկությունները պետք է քննարկի ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ։