Foto

ԵԱՀԿ գործող նախագահն աջակցում է Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում հայտնել է, որ աջակցում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը.
«Մենք ամբողջ սրտով հավատում ենք խաղաղ գործընթացին կանանց և երիտասարդների մասնակցության կարևորությանը: Կանայք հակամարտության կարգավորմանը նոր հեռանկար են հաղորդում և մենք աջակցում ենք կանանց ներգրավմանը խաղաղության հաստատման մեջ»:
Միրոսլավ Լայչակը, ով չորեգշաբթի Սենատի Հելսինկյան հանձնաժողովում որպես ԵԱՀԿ գործող նախագահ հարցուպատասխանի էր հրավիրվել, «Ամերիկայի Ձայնի» խնդրանքով անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին, որը, ըստ Լայչակի, առանձնանում է բարձր ակնկալիքներով.
«Կարծում եմ, մեր առջև հակամարտության կարգավորման իրական հնարավորություն է բացվել և հույս ունեմ մեզ կհաջողվի այս հնարավորությունն իրական, գործնական առաջընթացի վերածել»:
«Կանայք հանուն խաղաղության» իր նախաձեռնության մասին Աննա Հակոբյանը խոսել է երեքշաբթի ԱՄՆ-ի Կոնգրեսում կազմակերպված երեկոյի և չորեքշաբթի՝ Կարնեգիի հիմնադրամում Վաշինգտոնի առաջատար փորձագետների հետ հանդիպման ընթացքում.
«Որպես կին և մայր, ես հավատացած եմ, որ առավել արժեքավոր բանն աշխարհում մարդկային կյանքն է: Հակամարտության ընթացքում բազմաթիվ երիտասարդներ են զոհվում: Մեր նախաձեռնության նպատակն է կանխել մարդկային կյանքերի կորուստը բոլոր կողմերից»,- նշում է Հակոբյանը,-«եթե կանայք միավորվեն և ասեն՝ մի սպանեք մեր երեխաներին, անկախ նրանց ազգությունից, եթե ասեն քաղաքական գործիչներին՝ փոխարենը ձեր ուժերը չափեք բանակցային սեղանի շուրջ, ապա նրանց ձայնը լսելի կլինի»:
Կայուն խաղաղության հաստատման համար կարևորագույն դեր է խաղում պետության ժողովրդավարացումը, նշում է Աննա Հակոբյանը՝ չէ՞ որ ժողովրդավարական պետությունները միմյանց դեմ չեն պատերազմում: Այդ ուղղությամբ ևս Հայաստանն իր քայլը կատարել է:
«Հայ ազգը միավորվեց և մերժեց ղեկավարներին, որոնց մարդիկ այլևս չէին կարող դիմանալ և վստահել: Տարիներ շարունակվող կեղծիքի և խաբեության ժամանակն ավարտվեց, անհավասարությունն ու անարդարությունը, վատ կառավարումն ու մարդու իրավունքների խախտումները ավարտվեցին»,- նշում է Աննա Հակոբյանը:
«Թավշյա հեղափոխության» ալիքն այնքան հզոր էր, որ անցավ Հայաստանի սահմաններն ու հասավ նույնիսկ Ադրբեջան, որտեղ վերջերս Իլհամ Ալիևը ազատ արձակեց մի շարք քաղբանտարկյալների, նշում է Հայաստանի վարչապետի տիկինը, շարունակելով.
«Ավելին, ես տեսա նախագահ Իլհամ Ալիևի և իր տիկնոջ նկարները, ովքեր զբոսնում էին Բաքվի փողոցներով, նկարվում մարդկանց հետ: Անշուշտ, որպես մի քաղաքական գործչի տիկին, ով հայտնի է մարդկանց հետ նկարվելով, ես կցանկանայի, որ դա մնար իր առանձնահատկությունը, սակայն, դա ամենաչնչին բանն է, ինչ ես պատրաստ եմ զոհաբերել հանուն խաղաղության»: