Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները դեռևս երկու կարևոր խնդիր են տեսնում Հարկային օրենսգրքի նախագծում, որոնց լուծման համար առաջարկություններ են ներկայացնում: Այս մասին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօրվա քննարկման ժամանակ ասաց ՓՄՁ ասոցիացիայի հիմնադիր խորհրդի անդամ Հակոբ Ավագյանը:
«Խնդիրներից առաջինը վերաբերում է հենց սկսնակ ընկերություններին, որոնց համար կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, որ իրենց համար սահմանվում է հատուկ հարկման ռեժիմ՝ պետական հարկերից ազատված: Սակայն ի տարբերություն այսօրվա գործող ընտանեկան ձեռնարկատիրությունը հարկերից ազատելու ռեժիմի, կոնկրետ ոլորտներ կան, որոնք դուրս են մնացել արտոնության ռեժիմից: Մասնավորապես, այս ռեժիմից հիմա օգտվելու հնարավորություն ունեն խորհրդատվական, դիզայներական, մարկետինգային, գովազդային, թարգմանչական, գիտահետոզոտական, բժշկական ու ատամնաբուժական, ինչպես նաև, շատ կարևոր է, փորձարարական ու կոնստրուկտորական ծառայություններ մատուցողները: Բայց այս նախագծով արգելվում է, որպեսզի նրանք օգտվեն ազատ հարկման ռեժիմից»,- ասաց նա:
Ըստ Հակոբ Ավագյանի՝ այս ոլորտի ընկերություններին ևս պետք է հնարավորություն տալ, որպեսզի տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունենալու դեպքում ազատվեն հարկերից և ունենան ավելի նվազ եկամտային հարկ իրենց վարձու աշխատողների համար: Առաջարկվում է օրենքի նախագծից հանել վերանշյալ ոլորտների համար սահմանափակում նախատեսող դրույթը:
Մյուս խնդիրն, ըստ Հակոբ Ավագյանի, եկամտային հարկին է վերաբերում: «Ասեմ, թե գերփոքրի առումով ինչքանով են սա համարում կարևոր: Հաշվի առնելով այն, որ այս պահին մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որ չի լինելու ու բացառում ենք կոռուպցիոն հնարավոր մեխանիզմներ ու ստվերում վարձու աշխատողներ թողնելը, ապա մեր մի շարք հանդիպումների ժամանակ հարցերի առաջին եռյակում ՓՄՁ-ները բարձրացնում էին հենց եկամտային հարկի ծանր բեռը:
23 տոկոս սահմանելով այս նախագծով՝ կարծում ենք, որ գերփոքր բիզնեսների մոտ, որոնց մոտ մեծամասնությունը հենց 150 հազար դրամ ստացող աշխատողներն են, նրանց մոտ չի լուծվում այդ հարցը: Այսինքն՝ նրանց մոտ խրախուսական համակարգ չեն ներդնում, որպեսզի նրանք ստվերից դուրս գան ու գրանցեն վարձու աշխատողներին»,- ասաց Հակոբ Ավագյանը:
Նրա խոսքով՝ գործատուի համար այդ բեռը ոչ թե 23 տոկոս է լինում, այլ մյուս վճարները հաշվի առնելով՝ հասնում է 25.5-26 տոկոսի, եթե ՓՄՁ գործատուն փորձի գրանցել իր աշխատողին: Առաջարկներից մեկն այն է, որ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկ սահմանվի 18 տոկոսը, իսկ 200 հազար դրամից բարձրի դեպքում՝ 23 տոկոս:









