ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը, որով կաջակցի 0.5-10 հեկտար խաղողի և ինտենսիվ պտղատու այգիների և 0.5-3 հեկտար հատապտղանոց հիմնող տնտեսավարողներին:
«Պետական աջակցությունը կիրականացվի երկու բաղադրիչով: Առաջին դեպքում կսուբսիդավորի այգիների հիմնման նպատակով տրամադրված վարկի տոկոսադրույքային չափով, որը տնտեսավարող սուբյեկտները վերջնական տեսքով կստանան 2 տոկոսով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայքներում և առնվազն 3 հեկտար այգի հիմնող գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0 տոկոսով: Վարկի մարման ժամկետը 8 տարի է, իսկ արտոնյալ ժամկետը՝ 5 տարի»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
Ըստ նախարարի` երկրորդ բաղադրիչով նախատեսվում է այգում հիմնման ծախսերի 40 տոկոսի, իսկ սահմանամերձ համայնքներում ու կոոպերատիվներում՝ 50 տոկոսի փոխհատուցում:
ՀՀ կառավարությունը հաստատեց նաև Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու, մատչելիություն ապահովելու նպատակով կտրամադրվի պետական աջակցություն` վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ վարկերը տրամադրվելու են 5 տարի մարման ժամկետով , առավելագույնը 12 տոկոս տոկոսադրույքով, որից սուբսիդավորվելու է 10 տոկոսային կետը: «Այնպես որ, շահառուին վերջնականապես կտրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ գյուղոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին 0 տոկոսով է հասնելու ֆինանսական ռեսուրսը»,- ասաց Գևորգյանը:
Ծրագրի շրջանակում ձեռք բերվող մեկ գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանու հաշվարկային արժեքը 1 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր մեկ շահառուի վարկի առավելագույն չափը՝ 3 միլիոն դրամ:









