«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր տնտեսագետ Բաբկեն Թունյանը Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվող գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկման հետ կապված վերապահումներ ունի: Նա կածում է՝ դա առողջապահական տեսանկյունից հիմնավորված չէ և բացասաբար կազդի փոքր ու միջին բիզնեսի վրա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Արտադրողների կողմից մտահոգությունը տեղին է: Առողջապահական հիմնավորումը, որը ներկայացվում է ակցիզային հարկը նման կերպով տարածելու համար, շատ վիճահարույց է: Մենք, շաքարայնության փոխարեն, շեշտը դնում ենք ըմպելիքի գազավորված լինելու վրա: Շաքար պարունակող ավելի վնասակար ըմպելիքը կարող է դուրս մնալ ակցիզային հարկից, իսկ գազավորված մեկ այլ ըմպելիք հարկվել: Դա առողջապահական առումով հիմնավորում չունի: Իսկ փոքր ու միջին բիզնեսի վրա ազդելու է բացասաբար: Սա նշանակում է, որ դրանից կտուժեն ցածր գնային սեգմենտում աշխատողները»,-ասաց Թունյանը։
Նրա կարծիքով, այդ փոփոխության արդյունքում շուկայում խոշորները կարող են «կլանել» փոքրերին: Թունյանը նաև նկատեց, որ ֆինանսների նախարարությունը լսում է բոլոր կողմերի կարծիքները: Եվ հնարավոր է, որ մինչ ԱԺ հասնելն այդ հարցը լուծված լինի:









