Foto

Նոր Հայաստանում «արդար» («հալալ») վառելիքը վաճառվելու է ԱԱԾ-ի թողտվությա՞մբ, թե՞ չիմացությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական քաղաքականության մասին մի շարք հայտարարություններ է արել: Ըստ նրա՝ Հայաստանում ապրանքների ներմուծման և արտահանման որևէ արհեստական խոչընդոտ չպետք է լինի ու չկա: Նա նաև ասել է, որ պետական իշխանությունը և բիզնեսը տարանջատված են լինելու: Սրանք շատ կարևոր և մասնավոր բիզնեսի համար դրական ազդակներ են:

Փաշինյանի հայտարարություններն ու նպատակներն աներկբայորեն դրական ազդեցություն կարող են թողնել մեր տնտեսության վրա, սակայն կա նաև մտավախություն, որ կառավարության ազատական մոտեցումները կարող են ոմանց կողմից շփոթվել ամենաթողության հետ: Նոր Հայաստանում «ով ինչ ուզում է կարող է անել օրենքի շրջանակներում» սկզբունքը գործնականում կարող է վերածվել «ում խելքին ինչ փչում է կարող է անել՝ ձևականորեն պահպանելով օրենքի տառը» սկզբունքի:

Արդեն իսկ բիզնես դաշտում կան գործընթացներ, որոնք հուշում են, որ ազատական մոտեցումը ոմանք ընկալել են որպես արագ ու անարդար ձևով փող աշխատելու հնարավորություն:

Եթե Փաշինյանը գործարար աշխարհին ասում է հարստացեք ու հարստացրեք պետությունը, դա չի նշանակում հարստացեք ամեն գնով ու ամենքի հաշվին, այն էլ՝ կասկածելի տարբերակով և անբարեխիղճ ձևով:

Հիմա կոնկրետ օրինակը.

 Մեր ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք ողջամիտ կասկածի տեղիք են տալիս, ըստ որի՝ հայաստանյան շուկայում հայտնված անորակ վառելիքը պետական մարմինների վատ աշխատանքի ու անբարեխղիճ բիզնեսի համադրության արդյունք է:

Այսպես, հայաստանյան ծագում ունեցող «BLACK GOLD OIL LTD»-ի կողմից սույն թվականի հունվարի 9-ին Իրանից Հայաստան է ներմուծվել «Heavy hidrocarbon» (ծանր հիդրոկարբոն): Առայժմ ներմուծվել է 22 010 կգ, այսինքն՝ մեկ բեռնատար ավտոմեքենա, սակայն ըստ մեր աղբյուրների՝ սպասվում է է՛լ ավելի մեծ քանակների ներմուծում:

Այս փաստը մեր ուշադրությանը չէր արժանանա, եթե նշյալ նյութը ներմուծվեր երբեմնի քիմիական արդյունաբերություն ունեցող Հայաստան, սակայն մեզ մոտ սույն նյութի օգտագործման ոլորտ, այն էլ՝ այդ քանակի, չկա: Իսկ այն կազմակերպությունը, որը ներմուծել է հիդրոկարբոնատը, զբաղվում է բենզինի ու դիզվառելիքի մանրածախ վաճառքով՝ մի քանի լցակայանների միջոցով:

Ակնհայտ է, որ «BLACK GOLD OIL LTD»-ը այդ քիմիական նյութը ներմուծել է դիզվառելիքի հետ այն խառնելու և որակի հաշվին վառելիքի ինքնարժեքն իջեցնելու միջոցով գերշահույթ ստանալու համար:

Շահույթ կամ նույնիսկ գերշահույթ ստանալը վատ բան չէ, եթե կա բարեխիղճ մրցակցություն և ազնիվ բիզնես, սակայն հիդրոկարբոնատի միջոցով վառելիքի որակի խայտառակ ցուցանիշներ ապահովելը, խառնած վառելիքի արդյունքում զուտ էժան գնի միջոցով սպառողներին խաբելը և գերշահույթ ստանալը որևէ կապ չունի ազատական բիզնեսի ու մեր օրենսդրության հետ:

Կարծում ենք, որ պատկան մարմինները և հատկապես Մեղրիի մաքսավորների ու հատկապես ԱԱԾ-ականների մոտ պետք է առնվազն հարցեր առաջանային, թե ինչո՞ւ է ներմուծվում հիդրոկարբոնատը, այն էլ «BLACK GOLD OIL LTD»-ի կողմից, որը զբաղվում է բացառապես բենզինի ու դիզվառելիքի վաճառքով: Չէ՞ որ հիդրոկարբոնատի քիմիական բաղադրությունը համընկնում է դիզվառելիքի պարամետրերին ու հնարավոր է, որ գործ ունենք պարզ մեքենայության հետ: Խնդիրն այն է, որ միայն ծծումբի պարունակության մասով կան էական տարբերություններ հիդրոկարբոնատի ու դիզվառելիքի միջև: Մյուս պարամետրերով առերևույթ կա նույնացում: Հարց է առաջանում, թե արդյոք կասկած չի՞ առաջացել համապատասխան պետական մարմինների մոտ, թե ինչո՞ւ է դիզվառելիքի պարամետրերին ֆորմալ առումով համապատասխանող հիդրոկարբոնատը ներմուծվել վառելիքի վաճառքով զբաղվող կազմակերպության կողմից: Արդյոք դա նախադեպ չի՞ դառնա հետագայում ցածրորակ այլ դիզվառելիքները հիդրոկարբոնատի անվան տակ Հայաստան ներմուծելու համար՝ շրջանցելով այն արգելքները, որոնք սահմանվել էին անորակ վառելիքի ներմուծումն արգելելու համար: Նաև հետաքրքիր է, թե նման հնարավորություն բոլորի՞ն է տրված, թե՞ միայն ընտրյալներին:

Մյուս հարցը: Ինչես արդեն նշեցինք, հիդրոկարբոնատը և դիզվառելիքը պարամետրերով մոտ են: Հնարավո՞ր է, որ Իրանից ներմուծվածն ուղղակի անորակ դիզվառելիք է, որը Հայաստան է բերվել հիդրոկարբոնատի անվան տակ, որպեսզի ավելի մեղմ հարկային ռեժիմ կիրառվի, քանզի դիզվառելիքի դեպքում հարկերն ու մաքսերն ավելի բարձր են: Այս առումով պետությունն անելիք ուներ և ունի, որպեսզի մի ապրանքի ներմուծման անվան տակ, մեկ այլ ապրանք չանցնի մեր մաքսակետը:

Հիդրոկարբոնատը դիզվառելիքի փոխարեն հայտարարգրելը նույնն է, ինչ «Մերսեդես Բենց» մակնիշի թանկարժեք ավտոմեքենա ներմուծելն ու մաքսակետում այն որպես «Օպել Վեկտրա» մաքսազերծելը:

Իսկ եթե այդ նյութը ներմուծվել ու մաքսազերծվել է որպես դիզվառելիք, ապա հաշվի առնելով ծծմբի պարունակության ահռելի տարբերությունները և համապատասխան պարամետրերը, արդյոք հիդրոկարբոնատը կարո՞ղ էր թույլատրվել ներմուծման համար՝ ելնելով միջպետական համաձայնագրերում ամրագրված տեխնիկական ու հայաստանյան նորմատիվների պահանջներից:

Ի դեպ, հայաստանյան շուկայում արդեն իսկ հայտնվել է հիդրոկարբոնատով խառնած ցածրորակ դիզվառելիք, որը տեխնիկայի շարքից դուրս գալու պատճառ է դարձել: Մնում է միայն հասկանալ, թե այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ-ի թողտվությա՞մբ, թե՞ չիմացությամբ:

Ցանկացած լավ գաղափար կարելի է վարկաբեկել: Սա այն դեպքն է, երբ վարչապետի ասածները գործնականում փորձում են աղավաղել: Քանի դեռ սկիզբն է, պետք է քայլեր ձեռնարկել: