Foto

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները վերսկսել են բողոքի ակցիաները

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  բողոքի ակցիայի մասնակիցները բոլորին կոչ են անում հունվարի 11-ին, ժամը 16:00-ին հավաքվել Վերաքննիչ դատարանի մոտ, որտեղ կայանալու է Մանվել Գրիգորյանի գործի քննությունը: Բողոքի գործողությունները մինչև ժամը 15:00-ն տեղի կունենան Էջմիածնում, իսկ 16:00-ին՝ կշարունակվեն Երևանում: «Բոլորով կլինենք դատարանի մոտ և կպահանջենք Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի անհապաղ փոփոխությունը, նրա կալանավորումը և դրանից բխող մյուս գործողությունների իրականացումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Ջիվան Աբրահամյանը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը դեկտեմբերի 21-ին բավարարել էր  Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունը. նա ազատ էր արձակվել  25 միլիոն դրամի գրավի դիմաց: Դրան հաջորդել էին էջմիածինցիների բողոքի գործողությունները՝ ուղղված Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ: Դատախազությունը հայտարարել էր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու մասին: