Կոռուպցիան, որպես համակարգային երևույթ, սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ հայ իրականության մեջ ազգային յուրօրինակ բրենդ է: Չխորանալով երևույթի առանձին մանրամասների մեջ, նշենք, որ հարուրամյակներ շարունակ զրկված լինելով պետականությունից և գտնվելով զարգացման ցածր մակարդակի վրա գտնվող ֆեոդալական (բացառությամբ ԽՍՀՄ-ի) կայսրությունների տիրապետության ներքո, հայերն իրենց խնդիրները հիմնականում լուծել են կաշառքի և դրա տարաբնույթ դրսևորումների միջոցով: Օսմանյան կայսրություն, Իրան, Ռուսական կայսրություն, Խորհրդային Միություն. Վերոհիշյալ բոլոր տերություններն էլ պատմական զարգացման տարբեր ժամանակաշրջաններում թաղված են եղել կոռուպցիայի և թալանի մեջ, դրան էլ եթե ավելացնենք հայերի, որպես հպատակների, պայքարի և ազատագրվելու ձգտումների բացակայությունը, ինչպես նաև ստեղծված իրավիճակին հարմարվելու կոմֆորմիստական միտումները, ապա ակնահայտ է դառնում, որ նվաճողներն ու նվաճվողները կարողացել են ընդհանուր համաձայնության գալ և խաղաղ գոյակցության հիմքեր ստեղծել: Վերոհիշյալ բոլոր կայսրություններում էլ հայերը կարողացել են բավականին բարձր դիրքերի հասնել, ընդհուպ՝ պետական բարձրագույն պաշտոնների, առանցքային դիրքեր են գրավել տնտեսության մեջ, միայն նշենք, որ հայ առևտրական կապիտալը Օսմանյան կայսրության տնտեսական հիմնասյուններից մեկն էր: Հայ բուրժուաները գրեթե երբեք չեն հովանավորել և ֆինանսավորել ազատագրական պայքարը, իսկ Կ. Պոլսի ամիրայական խավը նույնիսկ փորձել է կանխարգելել Ազգային Սահմանադրության ընդունումն ու վավերացումը: Այսինքն աստիճանական սկզբունքով բոլորը վճարել են բոլորին: ՀՀ ներկայիս իշխանությունները գաղութարարների դաստիարակած սերունդներն են, նրանք Անկախ Հայաստանում անում են այն, ինչ տեսել են երիտասարդության տարիներին, ինչի հաշվին վեր են բարձրացել, չէ՞ որ Խորհրդային Միությունում էլ, բոլոր հարցերը լուծվում էին կաշառքով: Իսկ քաղաքացիներն էլ այլ ելք չունեն, կամ իրենց թվում է, թե չունեն, և ապրելու համար անում են այն, ինչ կանեին Օսմանյան կայսրությունում կամ էլ ԽՍՀՄ-ում:
Խնդրի վերաբերյալ երկար կարելի է խոսել, բայց սահմանափակվենք այսքանով:
Կարպիս Փաշոյանի ՖԲ էջից