Foto

Եկել է Քոչարյանի պատճառով վալիդոլ խմելու ժամանակը

Աչքալուսանք ունենք Հյուսիսից. գազը թանկանալու է:

ՌԴ փոխվարչապետը մեր փոխվարչապետին ասել է, որ ռուսական գազը սահմանին 65 դոլարով թանկանալու է, առաջ 150 դոլար էր:

Հիմա սկսվելու է՝ է՛լ ռուսական ռազմաբազա, է՛լ ռազմավարական գործընկեր, է՛լ դեզինֆորմացիա...

Բայց իմ խորին համոզմամբ արդեն ուշ է, շատ ուշ: Արդեն շատ ենք սխալներ թույլ տվել հանդիպակաց հոխորտալու համար և ասեմ ինչու:

Մի ամիս առաջ ՌԴ նախագահ Վ. Պուտինը բարցրաձայն զարմացել էր, որ սահմանին 150 դոլարով գազ ներմուծող Հայաստանում սպառողն այն գնում է 300 դոլարով: Հիմա Ռուսաստանում այնպիսի տնտեսական իրավիճակ է, որ յուրաքանչյուր կոպեկը «քաշով ոսկի է»: Ինչու՞ պետք է ռուսները հանդուրժեն, որ Հայաստանում ինչ-որ մեկը գերշահույթ ստանա իրենց հաշվին:

Հայաստանյան յուրաքանչյուր իրադարձություն ուղղակի կամ անուղղակի շոշափում է տարածաշրջանում Ռուսաստանի շահերը: Ես չեմ պնդում, թե դա լավ է, ես ուղղակի ափսոսանքով արձանագրում եմ, որ մեր արտաքին քաղաքականության մեջ այնպիսի վրիպումներ ենք թույլ տալիս, որ նվազեցնում են մեր բանակցային հնարավորությունները:

Արդեն մի առիթով գրել եմ, որ գազի գնի շուրջ բանակցելուց առաջ պետք է վալիդոլ ընդունենք, որովհետև Խաչատուրովի հետկանչն ու Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը մեզ ոչ ոք բաց տեքստով երեսով չի տալու: Դա անմիջապես կգնահատվի մեր ներքին գործերին խառնվելու փորձ: Բայց հանդուրժել էլ չեն կարող: Լուկաշենկոյի անպատկառությունն այնքան հանդուրժեցինք, որ սա արդեն Բաքվի պատվերը կատարելիս Պուտինին է վկայակոչում, թե «ես ու Պուտինը Սերժ Սարգսյանին ասացինք հետ տուր հողերը»: Պուտինը դա ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է, բայց այսօր Հայաստանի հետ հարաբերությունների վերաբեյալ նրբորեն ակնարկել է. «պետք է զարգացնենք այն, ինչն առկա է՝ նախկին ղեկավարների սերունդների հիմնած բազայի վրա»:

Ցավում եմ, բայց մեզ անընդհատ հիշեցնելու են և՛ Քոչարյանի կալանավորումը, և՛ 70 տոկոսանոց անընդդիմադիր խորհրդարանը, և՛ կենսաբանական լաբորատորիաները...

Արդեն կառավարությունում հերքում են, թե գազի գնի բարձրացման վերաբերյալ լուրերը կեղծ են: Շատ եմ ուզում հավատալ, բայց դեռ չեմ մոռացել ՊԲ հրամանատարի պաշտոնանկության մասին լուրի ոդիսականը:

Էդուարդ Սարիբեկյան