2018 թվականի հունվարից աշխարհում առնվազն 80 լրագրող է սպանվել՝ մասնագիտական գործունեության ընթացքում։ Այդ մասին ասված է մամուլի ազատության տարեկան զեկույցում, որը «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, փոխանցում է DW-ն:
Սպանված լրագրողների կեսից ավելին բաժին է հասնում հինգ երկրների՝ Աֆղանստանին (15 մարդ), Սիրիային (11), Մեքսիկային (9), Եմենին (8) և Հնդկաստանին (6): Հունիսին ԱՄՆ–ում «Capital Gazette» պարբերականի խմբագրության վրա հարձակումը նույնպես 6 լրագրողների մահվան պատճառ է դարձել։
Ռազմական հակամարտությունների գոտում 11 ամիսների ընթացքում զոհվել է 44 լրագրող։
Քաղաքացիական լրագրության ներկայացուցիչների սպանությունների թիվը 2017 թվականի համեմատությամբ գրեթե 2 անգամ ավելացել է՝ 7-ից հասնելով 13 մարդու։
Բացի այդ, աշխարհում այժմ 348 լրագրող է գտնվում կալանքի տակ, որի կեսից ավելին բաժին է ընկնում 5 երկրի՝ Չինաստան, Եգիպտոս, Թուրքիա, Իրան և Սաուդյան Արաբիա:









