Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) 2019թ․ իր գործունեության մեջ նախապատվությունը կտա ԵՏՄ երկրների ազգային կառավարությունների հետ համատեղ համաձայնեցված քաղաքականությանը, որի հիմքում օրենսդրության ներդաշնակությունն է։ Այս մասին դեկտեմբերի 12-ին հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ հանդես գալով Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանում Ամերիկյան առևտրային պալատի և Ռուս-ամերիկյան գործարար խորհրդի կողմից կազմակերպված «Եվրոպական տնտեսական միություն․ ինտեգրացիայի մարտահրավերներ» համատեղ մամուլի ասուլիսում։
Տիգրան Սարգսյանը նշել է համաշխարհային տնտեսության թրենդները։ Նրա կարծիքով՝ գլոբալիզացիայից ժամանակավորապես հեռանալու հետ մեկտեղ տեղի է ունենում տարածաշրջանային միությունների դերի ուժեղացում։
2018թ․ ԵՏՀ-ի հիմնական խնդիրը եղել է այն արգելքների, սահմանափակումների հաղթահարումը, որոնք խանգարում են ԵՏՄ ընդհանուր շուկաների ձևավորմանը։ Բայց, քանի որ հին արգելքների տեղը նորերն են գալիս, ԵՏՀ-ն վերաձևակերպել է հաջորդ տարվա խնդիրը։ 2019թ․ նախապատվությունը կտրվի Միության երկրներում համաձայնեցված քաղաքականության անցկացմանը, որի հիմքում օրենսդրության ներդաշնակությունն է։
«Առանց բիզնես-հանրության հետ շփումների մեր աշխատանքը արդյունավետ չի լինի։ ԵՏՀ առաջնային խնդիրը ԵՏՄ-ում բիզնեսի վարման համար բարենպաստ պայմանների ստեղծումն է»,- ամփոփել է Տիգրան Սարգսյանը։
Ռուսաստանում Ամերիկյան առևտրային պալատի նախագահ Ալեքսիս Ռոդզյանկոն իր կողմից ընդգծել է, որ ԱԱՊ-ն ԵՏՀ-ի հետ կառուցողական երկխոսություն է հաստատել։ «Մեր փորձը վկայում է այն մասին, որ մենք, իրոք, Եվրամիության հետ գործընկերներ ենք։ Մենք հավատում ենք, որ ապրանքների արագ տեղաշարժը օգտակար է ինչպես բիզնեսի, այնպես էլ կառավարությունների համար»,- ասել է նա։









