Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ երկուշաբթի օրը հեռուստատեսային ուղերձը ոգևորել է ֆրանսիացիներին: Այդ մասին գրում է ռուսական «ТАСС» գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին:
Երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո՝ Մակրոնը ժողովրդին մի շարք խոստումներ է տվել, որոնք ըստ «OpinionWay» ընկերության հարցման տվյալների դրական են ընդունվել տեղացիների կողմից:
Հարցման մասնակիցների 78 տոկոսին ոգևորել է նախագահ Մակրոնի հարկերի կրճատման ու աշխատավարձերի բարձրացման մասին խոստումը: Նշենք, որ ըստ այդ խոստումների՝ աշխատավարձը 100 եվրոյով բարձրանալու է:
Նշենք նաև, որ ֆրանսիացիների 54 տոկոսը համոզված է «դեղին բաճկոնների» շարժման բողոքները դադարեցնելու անհրաժեշտության հարցում, մինչդեռ 45 տոկոսը հանդես է գալիս դրանց շարունակման օգտին:
Նկատենք, որ Մակրոնը, մասնավորապես, խոստացել է 2019-ին նվազագույն աշխատավարձը 100 եվրոյով բարձրացնել, հարկերից ազատել այն թոշակառուներին, որոնց թոշակը ցածր է 2 հազար եվրոյից: Նաև Ֆրանսիայի ղեկավարը դատապարտել է ոստիկանների դեմ բռնությունը բողոքների ժամանակ:









