1988 թ., դեկտեմբերի 7, ժամը 11:41: Վայրկյանների ընթացքում հողին հավասարվեցին Սպիտակն ու հարակից գյուղերը, ավերածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, վնասներ կրեց Վանաձորը:
Երկրաշարժն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը:
Պաշտոնական տվյալներով, ընդամենը 30 վայրկյանի ընթացքում բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարն ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 500 հազար մարդ մնաց անօթևան:
Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ Երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և ապա շինարարական աշխատանքներ կատարել։
Սպիտակի երկրաշարժը մեծ հետք թողեց Հայաստանի վրա: Յուրաքանչյուրի աչքերում է այդ աղետը, յուրաքանչյուրի սրտում ու տանն է…
Չնայած աղետից անցել է 30 տարի, սակայն միշտ, հատկապես ամեն տարի այս օրը ողջ հայ ժողովուրդն է հիշում այդ սարսափելի աղետն ու հույսով սպասում, որ երկրաշարժի գոնե նյութական հետևանքները մի օր իսպառ կվերանան:









