Խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ Vesti.am-ը որոշել է ներկայացնել կուսակցությունների կամ դաշինքների նախընտրական ծրագրերը՝ ըստ ոլոտների՝ բացահայտելով, թե ուժերից յուրաքանչյուրն ինչ նպատակներ է դնում և այլընտրանքներ առաջարկում:
Շարքն սկսում ենք պետության կառավարման համար առաջնային ու կարևոր ոլորտներից մեկի՝ տնտեսության ծրագրային դրույթների ուսումնասիրմամբ՝ ըստ «Իմ քայլը» դաշինքի և «Հանրապետական» կուսակցության նախընտրական ծրագրի:
«Իմ քայլը» դաշինքը խոստանում է մրցունակ, մասնակցային ու ներառական տնտեսություն կառուցել: Վերջիններս ասում են, որ քաղաքականության հիմքում դնելու են արտահանմանը, զբաղվածության ընդլայնմանը, աշխատանքի խրախուսմանը միտված ներդրումային քաղաքականություն, ինչի արդյունքում տնտեսության կառուցվածքը պետք է էական փոփոխություններ կրի: Նշենք սակայն, որ կառավարման այս մի քանի ամիսների ընթացքում ներդրումների ու հանքարդյունաբերության ոլորտում լրջագույն խնդիրներ է ունեցել: Մասնավորապես՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման ձգձգումն ու բրիտանական «Լիդիան» ընկերության առջև պատնեշներ դնելը, եվրոպական մյուս ներդրողներին այդքան էլ վստահություն չեն ներշնչում Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու մասով: Իսկ Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի «Թեղուտի» և Ալավերդու պղնձաձուլական գործարանի թնջուկը մինչ այս պահն իրատեսական որևէ լուծում չի ստացել: Մեկ այլ ծրագիր էլ, որ պետք է զարգացներ էկոտուրիզմը Լոռու մարզի Մարց գյուղում, կրկին անվստահության պատճառաբանությամբ, լքել է գյուղը:
Կառավարող թիմը խոստանում է նաև կարճաժամկետ հատվածում նվազեցնել վարչարարական բեռը, վերացնել գործարարությանը խոչընդոտող կարգավորումները, բարեփոխել առողջապահության համակարգը և խթանել արտահանումը: Նշում են նաև, որ իրենց առաջնահերթություններում է աշխատանքի և ներդրումների խրախուսմամբ գործազրկության կրճատումը և տնտեսական աճի ապահովումը: Իսկ դրան հասնելու մեթոդը, ըստ «Իմ քայլի», անարդյունավետ պատճառահետևանքային կապերի և ավելորդ բյուրոկրատիայի վերացմանը միտված հետևողական աշխատանքն է: Հիշեցնենք, որ Փաշինյանի կառավարության իշխանության գալու առաջին իսկ օրվանից բարձրաձայնում էր ավելի քան 100 հազար քաղծառայողի աշխատանքից ազատելու, պետական ապարատը բեռնաթափելու մասին: Դրա մասին խոսվում է նաև ծրագրի մեջ՝ չհստակեցնելով սակայն, թե կրճատված այդ 100 հազար քաղաքացիներին աշխատանքի ինչ այլընտրանք են առաջարկելու:
Վարչապետի պաշտոնակատարի գլխավորած ուժն ասում է նաև, որ երկրում տնտեսական աճ ապահովող հիմնական ուժը լինելու է մասնավոր հատվածի ներդրումը և ձեռներեցությունը: Նկատենք սակայն, որ մասնավոր հատվածի միջոցով տնտեսական աճ ունենալու համար անհրաժեշտ է, որ մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար գրավիչ պայմաններ ստեղծվեն, մասնավորապես՝ վարկային մատչելի պայմաններ: Օրինակ՝ Չինական կողմը Ալավերդու պղնձաձուլարանի վերաշահագործման համար վարկային արտոնության պայման է դրել, ինչի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել:
Տնտեսական ոլորտում «Իմ քայլի» գերակայությունները լինելու են բարեփոխումները, մասնավոր հատվածի հետ շարունակական երկխոսությունը, հավելյալ արժեքներ գեներացնող համակարգերը, ինստիտուտների ներդրումը և այլն:
Դաշինքի ծրագրերում թվային «խոստումները» այդքան էլ շատ չեն: Իմքայլականներն ասում են, որ շահութահարկի գործող 20% դրույքաչափն իջեցնելու են` այն հասցնելով 18%-ի, ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների շահաբաժինները հարկվելու են միասնական 5% դրույքաչափով։ Մինչև 2023 թվականը եկամտահարկը աստիճանաբար նվազելու է մինչև 20%:
«2023 թվականին մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհների 70 և ավելի տոկոսը լինելու է բարեկարգ վիճակում: Տեղական ճանապարհների 40 և ավելի տոկոսը լինելու է բարեկարգված: Ամեն մի բնակավայր ունենալու է առնվազն մեկ՝ տարվա բոլոր եղանակներին անցանելի և անվտանգ ճանապարհ, որը այն կմիացնի այլ կենտրոնների հետ: 2023 թվականին հանրապետության համայնքների մոտ 70 տոկոսը ունենալու է կենտրոնական ճանապարհային ցանցին միացնող առնվազն մեկ լավ վիճակում գտնվող ճանապարհ: 2022 թվականին գործարկելու ենք տարեկան 4 մլն մարդ սպասարկման հզորությամբ օդանավակայան»,- գրված է «Իմ քայլի» նախընտրական ծրագրում:
«Հանրապետականը» նախընտրական իր ծրագրի տնտեսական հատվածն սկսում է տնտեսական աճի ներառականությամբ: ՀՀԿ-ականները, որոնց իշխանության տարիներին մեծ թափով զարգացավ մենաշնորհների ինստիտուտը, և միջին վիճակագրական ամեն մի քաղաքացի հստակ գիտեր, թե օլիգարխներից ով ինչ ապրանքի մենաշնորհ ունի, իր ծրագրում նշում է նաև, որ ներառական տնտեսական աճ ունենալու համար անհրաժշետ է ազատվել բոլոր տեսակի մենաշնորհներից:
ՀՀԿ-ի ծրագրում նշվում է, որ մրցունակ տնտեսության հասնելու համար իրենց առաջնային գերակայությունը եղել և մնում է արտահանման խթանումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ աշխատանքի արդյունավետության բարձրացումը, փոքր և միջին ձեռնարկատիրության խրախուսումը:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ հետևենք ներառական գործարարության և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման խթանմանն ուղղված մեր քաղաքականությանը»,- ասում են բարձր վարձրատրությամբ աշխատատեղեր միայն ընտրյալների համար ստեղծած նախորդ կառավարիչները։ Նրանց ասածին ի հավելում մեջբերենք «Իմ քայլի» ծրագրի այն հատվածը, որտեղ նոր կառավարիչները խոստանում են մինչև 2023-ը գործազրկության ցուցանիշը 5, աղքատությության ցուցանիշը 10 տոկոսով մեղմելու մասին: Եթե «Իմ քայլը» կատարի իր խոստումը, ապա գործազրկության 20.7 և աղքատության 29.4 տոկոսները կարող են նվազել ու դառնալ համապատասխանաբար 10.7 և իջնել մինչև 18.4 տոկոս։
Նկատենք նաև, որ ապրիլյան իշխանափոխությունից հետո նոր կառավարիչները հայտարարեցին, որ նախորդների՝ աղքատության մասին հայտարարած ցուցանիշները սխալ են հաշվարկված եղել: Ըստ Վիճակագրական կոմիտեի նոր հաշվարկների, այն ոչ թե 15.7 տոկոս է եղել, այլ՝ 20.2: ՀՀԿ-ականները ծրագրի տնտեսական մասի մեջ թվեր չեն գրել, ըստ երևույթին երկու պատճառաբանությամբ: Ընդունում են, որ իշխանության լինել չեն կարող, հետևաբար թվեր ներկայացնելը սիզիփոսյան աշխատանք կլիներ, և երկրորդ, հասարակությունը չի հավատա իրենց ասածին՝ տարիներ ի վեր խոստացված շատ քիչ ցուցանիշներ են արդարացվել, և այժմ ներկայացվող թվերի իսկությանը ոչ ոք չի հավատա:
Վրույր Սևակ Vesti.am









